Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 29-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ հայտնի դարձավ, որ «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների դեմ այլեւս գործելու են միասնական ճակատով: Սա միանգամայն սպասելի զարգացում էր: Դեռեւս «Ժառանգության» ներքին խմորումների մասին մեր վերջին հրապարակումներում նշել ենք, որ գոյություն ունի իշխանական պրոյեկտ, որի նպատակը «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միավորումն է, նրանց՝ միասնական ճակատով հանդես գալը, ինչը եւ տեղի է ունենում: Իհարկե, ֆորմալ առումով, դա այլ կերպ է ներկայացվում»: Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ իրենք «Ժառանգության» հետ՝ որպես ընդդիմադիր երկու ուժեր, անելիք ունենք խորհրդարանում: Ռուստամյանն ակնարկել է արձանագրությունների վավերացման շուրջ աղմուկը եւ, ի վերջո՝ քվեարկությունը: «Նույնիսկ դա ֆիկցիա է», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Քանի որ եթե 16 եւ 6 պատգամավոր ունեցող այս երկու ուժերը միասին դեմ քվեարկեն արձանագրությունների վավերացմանը, եթե անգամ նրանց միանա «Բարգավաճ Հայաստան»-ը, միեւնույն է, նրանք չեն ստանա արձանագրությունների վավերացումը խափանելու համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գնահատում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի քաղաքական կեցվածքը. - «Վերջին տասնօրյակում Տեր-Պետրոսյանը երկրորդ լավ առիթն ուներ վերջապես արտահայտել իր դիրքորոշումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացի, հատկապես հայտնի արձանագրություննվերի վերաբերյալ։ Եվ երկու անգամ էլ՝ ինչպես ՀԱԿ-ի սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, այնպես էլ ՍԴՀԿ համագումարում, նա, ըստ էության, ոչինչ չասաց այդ մասին։ Եթե նկատի ունենանք, որ ՀԱԿ-ը առաջիններից մեկն էր, ըստ էության, ողջունել հիշյալ արձանագրությունները, իհարկե խիստ արմատական բառապաշարով «համեմելով» հանդերձ, ապա առավել ակնհայտ կդառնա, որ առնվազն Տեր-Պետրոսյանը կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների հարցում խոչընդոտիչ «վճռական գործողությունների» չի դիմելու։ Նկատելի է, որ Տեր-Պետրոսյանը հստակ սպասողական կեցվածք է ընդունել եւ տակավին սպասում է որեւէ սայթաքման»։

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության նպատակը ոչ այնքան կարծիքների հանրաքվե անելն է, որքան քարոզչական ակցիա կազմակերպելը, որի ժամանակ աշխարհին եւ հատկապես Թուրքիային ի ցույց դրվեն հայ սփյուռքի ողջ ներուժը, նրա հավաքական կամքն ու ռեսուրսը: Որպեսզի Հայաստանի նախագահն ավելի վստահ հանդես գա՝ իր թիկունքում ունենալով նման աննախադեպ ուժ, նման հարստություն, որով շատ քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ: Գուցե: Բայց եթե այս ուղեւորության ընթացքում առավել շատ բացասական կարծիքներ հնչեն, այդ դեպքում ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս է մի քանի օր անց ստորագրելու համայն հայության կողմից մերժված այդ չարաբաստիկ փաստաթղթերը: Թե՞ հիմա էլ «Հայլուրով» փորձելու են սփյուռքին մոլորեցնել եւ մերժման փոխարեն հավանության պատրանք ներշնչել»:

Հայաստանի նախագահի՝ սփյուռքի հայ գաղթօջախներ կատարելիք ուղեւորությանն է անդրադարձել նաեւ «168 ժամ»-ը. - «Ո՞րն է հայկական գաղթօջախներ մեկնելու իրական նպատակը: Գուցե Սփյուռքի, մեր ավանդական կուսակցությունների խիստ բացասական կարծիքը Սերժ Սարգսյանը նախատեսում է օգտագործել` այս արձանագրությունները չստորագրելու համա՞ր: Դժվար թե, քանի որ արդեն Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին, իսկ երկու երկրների խորհրդարանների քննարկմանը ներկայացվելու են արդեն հոկտեմբերի 11-ին: Քանի որ սփյուռքահայերի վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ որեւէ ձեւով չի կարող խոչընդոտել արձանագրությունների ստորագրմանը, ենթադրում ենք, որ ՀՀ նախագահի այս ճամփորդությունը բարոյահոգեբանական սպեղանի կլինի Սփյուռքի համար: Այն առումով, թե Հայաստանի իշխանությունների համար խիստ էական է Սփյուռքի կարծիքը: Որ հարուստ եւ ազդեցիկ Սփյուռքը Հայաստանի իշխանությունները չեն ընկալում բացառապես որպես լոբբի եւ եկամտի աղբյուր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG