Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական ուժերը մեկնաբանում են Էրդողանի հայտարարությունը


Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում երկուշաբթի օրը իրենց կարծիքները հնչեցրին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը վերաբերող՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կիրակնօրյա հայտարարություն մասին:

Մեկնաբանելեով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե հոկտեմբերի 10-ին կամ 11-ին Երեւանն ու Անկարան կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրությունները, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե քանի որ արձանագրությունները բանակցությունների, փոխադարձ պայմանավորվածությունների հետեւանք են, որոնք արդեն նախաստորագրվել են, ուստի դժվար թե չպահպանվեն նաեւ այն ժամկետները, որոնք նույնպես ձեռք են բերվել բանակացությունների միջոցով։

«Կողմերը շատ կարեւոր քայլ են կատարել», - հավելեց Շարմազանովը: - «Նրանք արդեն նախաստորագրել են օգոստոսի 31-ին, եւ կարծում եմ, որ ուշ թե շուտ պետք է ստորագրվի»:

ՀՅԴ-ի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, թեեւ նշեց, որ մինչեւ հոկտմեբրեի 10-ը դեռ 12 օր կա (ինչպես ինքը բնութագրեց` բավականին ժամանակ), եւ ճիշտ չէ հստակ ինչ-որ կանխատեսում ներկայացնել, այդուհանդերձ ասաց. - «Չնայած մեր արտգործնախարարությունը չի հաստատում ամսի 10-ը, բայց կարծում եմ, որ խելքին մոտ թվական է, որովհետեւ պարզ է, որ պետք է չուզենայինք հոկտեմբերի 13-ին ստորագրել (Կարսի պայմանագրի ստորագրման օրը)»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե իրենց համար անսպասելի չէր Էրդողանի հայտարարութունը, քանի որ պաշտոնական Երեւանը, նպատակ ունենալով որքան հնարավոր է շուտ փակել արձանագրություններին վերաբերող ներհայաստանյան քննարկումները, պնդել է, որ դրանց ստորագրումը տեղի ունենա կարճ ժամանակ անց։

ՀԱԿ-ի ներկայացուցչը նույնպես համոզմունք հայտնեց, թե արձանագրությունները կստորագրվեն մոտ ապագայում, բայց միեւնույն ժամանակ խնդրեց ուշադրություն դարձնել այն ժամանակահատվածի վրա, երբ Թուրքիայի վարչապետն արեց իր հայտարարությունը. - «Այն ժամանակ, երբ ամենաթեժ ժամանակն է այս քննարկումների, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր այդ խնդիրը քննարկման առարկա դարձնել ավանդական կուսակցությունների, հայկական համայնքների հետ, հենց այդ ժամանակ Էրդողանը հայտարարում է, որ որեւէ քննարկում անիմաստ է, որոշումը կայացված է եւ ստորագրումը լինելու է՝ այսպես թե այնպես»:
XS
SM
MD
LG