Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը ծրագրում է բյուջեի ծախսերի զգալի կրճատում հաջորդ տարվա համար


Երկուշաբթի կայացած արտահերթ նիստում կառավարությունը հավանություն է տվել 2010 թվականի բյուջեի նախագծին։ Առաջարկվող բյուջեի ծախսային մասը՝ 859,6 միլիարդ դրամ, մոտ 85 միլիարդ դրամով պակաս է այս տարվա համար հաստատված 945 միլիարդ դրամի ցուցանիշից։

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացրած ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ այն կազմվել է «պահպանողական» ռեժիմով։

Նախագծով առաջարկվել է հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 676,6 միլիարդ դրամ, ծախսերի գծով` 859,6 միլիարդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 183 միլիարդ դրամ։

«2010 թվականին մենք կանխատեսում ենք համախառն ներքին արդյունքի 1,3 տոկոսի աճ։ Սա, հիշեցնում եմ, այս տարվա բավականին կտրուկ անկման հիմքի վրա», - նշեց Դավթյանը` պարզաբանելով. - «Ծախսերի մակարդակով, հաջորդ տարվա բյուջեն մոտ 85 միլիարդով ավելի պակաս է, քան 2009 թվականի հաստատված բյուջեն»։

2009 թվականի առաջին 7 ամիսներին, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի տնտեսական անկումը կազմել էր 18,5 տոկոս։ Կառավարությունը կանխատեսում է, որ 2009-ի երկրորդ կեսին տնտեսական անկումը կնվազի եւ տարեվերջին կունենանք ավելի լավ արդյունք։

Նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, բյուջեն «սուղ» է, կենսաթոշակներն ու նպաստները հաջորդ տարի չեն ավելանա։

«Կենսաթոշակները բավականին բարձր մակարդակի են, եւ դա, կրկնում եմ, հեշտ չէ, որովհետեւ մենք եկամուտների բավականին զգալի նվազում ունենք այս տարի եւ հաջորդ տարի», - նշեց ֆինանսների նախարարը։ Գործադիրը առաջարկում է կրկնակի պակասեցնել գործուղումների, պետական պաշտոնական ընդունելությունների ծախսերը։

«Ցավոք սրտի հաջորդ տարի կմեծանան նաեւ վարկերի սպասարկման ծախսերը», - նշեց Դավթյանը։

2009 թվականին տնտեսական աննախադեպ անկմանը դիմակայելու նպատակով Հայաստանի կառավարությունը տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Ռուսաստանի կառավարությունից, Համաշխարհային բանկից, Զարգացման ասիական բանկից ներգրավել է շուրջ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկեր։

Ֆինանսների նախարարը զգուշացնում է՝ հաջորդ տարի ստիպված ենք լինելու կրել այս տարվա ֆինանսական ծանրությունը։

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
XS
SM
MD
LG