Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը համագործակցելու է Դաշնակցության հետ


«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մամուլի ասուլիսում:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մամուլի ասուլիսում:

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը կանխելու նպատակով «Ժառանգություն»-ը, ինչպես երկուշաբթի օրը հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, համագործակցելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ:

Լրագրողների հետ հանդիպմանը Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն նշված խնդրի շուրջ համագործակցելու են ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս՝ տարբեր ակցիաների միջոցով:

«Կարող եմ ասել, որ առաջիկայում ականատեսը կլինեք Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ «Ժառանգության» համատեղ քայլերի եւ գործողությունների: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն՝ նախնական խորհրդակցությունների արդյունքում: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ավելիին, քան դա հնարավոր կլիներ առանձին գործելու պարագայում», - շարունակեց Սաֆարյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին «Ժառանգության» ղեկավար ներկայացուցիչը ասաց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ խնդրի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն դեռ չունեն:

«Ուրախ կլինենք, եթե Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերները նույնպես միանան նման ընդհանրական քայլերին», - հավելեց նա:

Ստեփան Սաֆարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր իրենց կուսակցությունը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ արձանագրությունները հանրաքվեի դնելու պահանջով:

«Մենք ինքներս ենք պահանջել, որպեսզի Հանրապետության նախագահը հանրաքվեի միջոցով ապացուցի, որ ինքը ունի այդ վստահության քվեն եւ այս կերպ խնդիրը լուծելու լիազորություն», - պարզաբանեց նա՝ շարունակելով. - «Բացասական պատասխան ստանալուց հետո, ցանկացած նախագահի ոչինչ չպետք է մնա, քան հեռանալը»:

Հարցին, թե նախագահի կողմից հանրաքվե անցկացնելու պահանջը մերժելու դեպքում «Ժառանգություն»-ը պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, Սաֆարյանը արձագանքեց. - «Ես չեմ կարող բացառել դա՝ հատկապես, երբ իբրեւ ընդդիմություն ցանկացել ենք օր առաջ տեսնել Հայաստանում իշխանափոխություն»:

Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, նախագահ Սերժ Սարգսյանի՝ սփյուռք նախաձեռնած այցելությունները «խայտառակ ուշացած քայլ է», քանի որ Հայաստանը, Թուրքիան, ինչպես նաեւ միջազգային հանրությունը «պայմանավորվել են իմիտացիոն քննարկումներ կազմակերպել»՝ այլապես այդ արձանագրություններում «փոփոխություններ անելու հնարավորություն կլիներ»:

«Ակնհայտ է, որ այդ հանդիպումները լինելու են խիստ կազմակերպված եւ այդ հանդիպումներին բացառապես կմասնակցեն սփյուռքի այն շրջանակները, որոնք զորակցելու են Սերժ Սարգսյանին: Ակնհայտ է, որ այդ հանդիպումներից հետո նա ներկայացնելու է, որ ունի սփյուռքի զորակցությունը», - հայտարարեց Սաֆարյանը:

Սաֆարյանը նաեւ ասաց, թե իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 10-11-ին նախաստորագրված արձանագրությունները ստորագրելու են ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, այլ նախագահներ Սարգսյանն ու Գյուլը:
XS
SM
MD
LG