Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը Տիգրան Առաքելյանի գործով կդիմի Եվրոդատարան


Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ արդեն առաջիկա օրերին պատրաստվում են Կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ, ներկայումս կալանավորված Տիգրան Առաքելյանի գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Նախնական նամակը երկուշաբթի կամ երեքշաբթի Եվրոպական դատարան կգնա Տիգրան Առաքելյանի կողմից», - ասաց Խաչատրյանը:

Առաքելյանի պաշտպանները պնդում են, որ Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստը բռնությունների է ենթարկվել` արդեն իսկ գտնվելով անազատության մեջ, ինչի հետեւանքով էլ ներկայումս առողջական լուրջ խնդիրներ ունի:

Առաքելյանի խափանման միջոցը փոխելու գործով վճռաբեկ դիմում դեռեւս չի ներկայացվել, իսկ Վերաքննիչ դատարանում գործը կլսվի միայն առաջիկա երկուշաբթի օրը: Հարցին` ինչպե՞ս են դիմում Եվրոդատարան, եթե դեռեւս սպառված չեն ներպետական բոլոր ատյանները, Արմեն Խաչատրյանը արձագանքեց. - «Արգելք չէ, որ մենք այսօր արդեն նախնական նամակով դիմենք Եվրոպական դատարանին»:

Այդուհանդերձ, նա հավելեց, որ դեռ կհասցնեն անցնել բոլոր անհրաժեշտ ներպետական ատյաններով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG