Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 26-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, մեկնելու է համահայկական ուղեւորության: Ըստ պաշտոնական մեկնաբանության, այցի նպատակը մեկն է. Սերժ Սարգսյանն ուզում է լսել արձանագրությունների մասին Սփյուռքի ներկայացուցիչների կարծիքը: Մինչդեռ իրականությունը, կարծում ենք, մի փոքր այլ է` Սփյուռքի ներկայացուցիչնե'րը պետք է լսեն Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե հակառակը: Ընդ որում, խոսքն այն ներկայացուցիչների մասին է, ովքեր կամ դեռ կողմնորոշված չեն, կամ ինչ-ինչ պատճառներով չեն շտապում կարծիք հայտնել: Համենայնդեպս, Սփյուռքի ձայնը լսելու համար անհրաժեշտ չէր, որպեսզի Սերժ Սարգսյանը նման տաժանակիր ուղեւորություն իրականացներ: Մի շարք հայկական գաղթօջախներից արդեն լսելի էր այն կարծիքը, որ նրանք ունեն հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին: Ու եթե Սերժ Սարգսյանն իսկապես ցանկություն ունենար կարծիք լսելու, կարող էր նստել իր նստավայրում, սպասել հաջորդ հայտարարություններին: Բայց մինչ դրանք կհասցնեին հրապարակվել, Սերժ Սարգսյանը որոշեց նախ իր ձայնը շատ մոտիկից լսելի դարձնել Սփյուռքին»:

«Ազգ»-ը գրում է. - «Այն պահին, երբ հայոց խորհրդարանում լրջորեն կսկսեն շուռումուռ տալ հայ - թուրքական արձանագրությունների խնդիրը, երկրի նախագահը համահայկական շրջագայության կլինի երկրից դուրս` հայ գաղթօջախներում, եւ քննարկումները մի տեսակ անտեր կմնան՝ մինչդեռ այդ բոլորն արվում է գլխավոր բանակցողին՝ երկրի նախագահին ականջալուր անելու համար: Դե լավ, նրան կպատմեն, էլի, բայց այս միակ որակյալ քննարկումը (հրավիրյալների ներկայացուցչական կազմը նայելով ենք ասում) չի կարող եղանակ ստեղծել, քանի որ հայ - թուրքական արձանագրությունների քննարկումներ, որպես այդպիսիք, բազմակողմանի, ողջ լույսն ու ստվերն ի մի բերող, մինչեւ այդ լսումները այդպես էլ չեղան փաստորեն: Կարելի է ասել անգամ, այդ քննարկումները կազմակերպում են լրագրողներն իրենց նախաձեռնությամբ` հարցազրույցներ վերցնելով, մամուլի ակումբներ եւ հեռուստաեթերների հրավիրելով քաղաքական եւ մասնագետ շրջանակների ներկայացուցիչների, խոստովանենք, սահմանափակ թվով մարդկանց: Ոչ արտգործնախարարը, ոչ նախագահը, որ նախաձեռնել էր ֆուտբոլային դիվանագիտությունը, Հայաստանի ներսում քննարկումների (համենայն դեպս` հրապարակային քննարկումներին) չեն մասնակցում, եթե փակ կամ գաղտնի քննարկումներ կան` մենք այդ մասին տեղյակ չենք: «Ադաբրյամսի» մակարդակով հավանության նախադեպը ԳԱԱ-ից չի կարող նորմալ երեւույթ համարվել»:

Խորհրդարանական լսումների մասին «Կապիտալ»-ին իր կարծիքն է հայտնել Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը: Լրագրողը հարցնում է. - «Ինչի՞ համար են կազմակերպվում խորհրդարանական լսումները»: Պատասխան. - «Այդ հարցը պետք է տալ լսումների կազմակերպիչներին: Խորհրդարանը գլխավոր քաղաքական ասպարեզն է. ընդհանրապես ճիշտ կլինի, որ կենսական նշանակության խնդիրների առնչությամբ այնտեղ քննարկումներ լինեն, եւ յուրաքանչյուրը ներկայացնի իր տեսակետը: Սակայն պարզ է նաեւ մեկ այլ բան՝ դա լինելու է սոսկ տեսակետների ներկայացման հնարավորություն՝ առանց որեւէ գործնական հետեւանքի: Այսօր իշխանությունները խորհրդարանը չեն դիտարկում որպես գաղափարների ներկայացման ասպարեզ, այլ սոսկ որպես գործադիր իշխանության կցորդ, որտեղ վերջինիս որոշումները պետք է անվերապահ վավերացում ստանան, ուրիշ ոչինչ: Իհարկե, Ազգային ժողովը կարող է նաեւ ընդվզել, սակայն ոչ թե նման «մանր» հարցերի հետ կապված, այլ երբ կա «հարգելի» պատճառ՝ քննարկվող հարցն առնչվում է կոնկրետ մարդկանց բիզնեսներին»:

«Գոլոս Արմենիի»-ն քննարկումների վերաբերյալ գրում է. - «Սկզբնապես, երբ ծագեց Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի գաղափարը, շատերը դրան վերաբերվեցին անվստահորեն: Սակայն հոռետեսներն առարկում էին, թե Հանրային խորհուրդը հնարավորություն կտա հասարակության ձայնն ավելի հնչեղ դարձնելու, այդ ձայնը ավելի բարձր մակարդակի բարձրացնելու, այն կհասցնի նախագահի հետ անմիջական շփման: Մինչդեռ ներկա դիրքորոշումը Հանրային խորհրդին ամբողջապես զրկում է գոյության որեւէ տրամաբանությունից: Պարզ է, որ հայ - թուրքական թեմատիկան հայ հասարակության համար այսօր ամենաառօրեականն է: Եթե խորհրդի անդամներին թվում է, թե իրենց ֆունկցիան իշխանական կառույցներին միայն իշխանահաճո դիրքորոշում մատուցելն է, ապա նրանք խիստ սխալվում են: Հանրային խորհրդի ֆունկցիան, ի դեպ, միակը, որն արդարացնում է նրա գոյությունը, այն է, որ իշխանություններին մատուցեն հասարակության կարծիքը` ինչպիսին էլ այն լինի»:

«Ժամանակ»-ը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը գնում զիջումների, սահմանի բացմա՞ն համար, թե՞ արտաքին լեգիտիմություն ձեռք բերելու»: Պատասխան. - «Կարծում եմ, որ իշխանությունը դրանով երեք խնդիր է ուզում լուծել: Առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է չեզոքացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի այն քննադատությունը, թե Հայաստանը մեկուսացած է, ոչ մի էներգետիկ ծրագրի չի մասնակցում եւ այլն: Այսպիսի հոգեբանական բան կա. երբ մարդը լուրջ բարդություններով է գալիս իշխանության, նա փորձում է իրավիճակը շտկել հակառակորդի մտքերը վերցնելով ու կիրառելով: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանը միշտ վախ է ունեցել, որ հիմնական հարվածը կստանա ԱՄՆ-ից ու Եվրոպայից, դրա համար էլ այս քայլով փորձել է նրանց դուր գալ, քանի որ Արեւմուտքն է միշտ հայտարարել, թե փակ սահմաններ չպետք է լինեն: Երկրորդ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը դեռ շատ վաղուց սերտ հարաբերությունների մեջ է եղել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ֆունկցիոներների հետ եւ հիմա այս գործընթացով նա սկզբում փրկօղակ գցեց Բարաք Օբամային, որ նա ապրիլի 24-ին չարտասանի «ցեղասպանություն» բառը, որը հետո նաեւ շարունակություն ունեցավ: Երրորդ գործոնն այն է, որ այս հարցում դրսից լուրջ ճնշումներ կան, որոնցից շատ բարդ է խուսափել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG