Մատչելիության հղումներ

Համանախագահները կողմերին կոչ են անում կառուցողական լինել իրենց հրապարակային հայտարարություններում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության «երկու կողմերին կոչ են անում բանակցային գործընթացի այս կարեւոր պահին կառուցողական լինել իրենց հրապարակային հայտարարություններում»:

Շաբաթ օրը Նյու Յորքում հրապարակած հայտարարությունում համանախագահները տեղեկացնում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ նախօրեին ունեցած հանդիպումների մասին` նշելով. - «Երկու արտգործնախարարները եւ համանախագահները վերահաստատեցին նվիրվածությունը Հիմնարար սկզբունքների վրա հիմնված բանակցություններին եւ քննարկեցին հոկտեմբերի սկզբին համանախագահների` տարածաշրջան կատարելիք այցելությունը: Ինչպես համաձայնեցվել է Մոսկվայում հուլիսի 18-ին, համանախագահները կուղեւորվեն Հայաստան եւ Ադրբեջան` նախապատրաստելու նախագահ Ալիեւի եւ նախագահ Սարգսյանի միջեւ ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում Քիշնեւում առաջարկվող հանդիպումը»:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում հայտարարությունը փոխանցում է նաեւ, որ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ, դեսպան Ռոբերտ Բրադկեն ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերներ Բեռնար Ֆասիեին եւ Յուրի Մերզլյակովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Անջեյ Կասպրչիկին սեպտեմբերի 24-ին խորհրդակցությունների էր հրավիրել Վաշինգտոն: Համանախագահները հանդիպել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Էլիզաբեթ Շերվուդ-Ռանդալի եւ փոխպետքարտուղարի Թինա Քեյդենաուի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG