Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ-ի վարչակազմը անընդունելի է համարում ստատուս-քվոն Ղարաբաղյան հակամարտությունում»


«Միացյալ Նահանգների վարչակազմը անընդունելի է համարում ստատուս քվոն հայ - ադրբեջանական հակամարտությունում», - ըստ Ադրբեջանի արտգործնախարարության` հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

«Միացյալ Նահանգների նոր վարչակազմը վերահաստատում է իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմանը», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ադրբեջանի արտգործնախարարը, իր հերթին, երախտագիտություն է հայտնել այն ուշադրության համար, որ պաշտոնական Վաշինգտոնը ցուցաբերում է այս խնդրին, եւ նշել է, թե հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` խնդրի շուրջ նույն օրը մտքեր են փոխանակել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որոնք հանդիպել են Փիթսբուրգում` Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում:

«Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` շուրջ 15 րոպե շարունակված առանձնազրույցի ընթացքում Բարաք Օբաման դրական է գնահատել հայ - թուրքական մերձեցումը եւ նշել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար:

Թուրքական գործակալության հաղորդմամբ` Բարաք Օբաման նաեւ ասել է, որ գիտակցում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման կարեւորությունը, ինչին ի պատասխան` Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որտեղ համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան, պետք է ակտիվացնի ջանքերը հակամարտությունը լուծելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG