Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է խթանել արտահանումը գյուղատնտեսության բնագավառում


Կառավարությունն ուսումնասիրել է, թե համախառն ներքին արդյունքի մեջ որ բնագավառներն են էական ծավալ կազմում ու որ բնագավառների արտահանման պոտենցիալը նվազագույնն է օգտագործվում եւ, ինչպես ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, այդ առումով առանձնացրել է գյուղատնտեսությունը։

Փաստարկելով, թե ինչու են անդրադարձել առաջին հերթին գյուղատնտեսությանը՝ Ղարիբյանը ասաց. - «Գյուղատնտեսությունը եթե կազմում է միջինով համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը, ապա արտահանման մեջ նա գրավում է վերջին երեք տարիների ընթացքում 15-16 տոկոս: Իսկ եթե հանում ենք պատրաստի արտադրանքը, որ հիմնականում կոնյակ, խմիչքներն են, ստացվում է, որ մոտ 3-4 տոկոս արտահանում ունենք այդ հսկայական ոլորտից: Նաեւ այդ ոլորտը կարեւոր է այնքանով, որ ինքը ունի հսկայական սոցիալական նշանակություն, այսինքն՝ բավականին մեծ զբաղվածություն է ապահովում Հայաստանի Հանրապետության տնտեսությունում»:

Արամ Ղարիբյանի խոսքով, այսօր Հայաստանում չկա միջանկյալ օղակ գյուղացու եւ իրացման շուկայի միջեւ։

«Դա առանձին մասնագիտացում է», - ասաց նա՝ պարզաբանելով. - «Կարողանան գյուղացուց վերցնել այդ ապրանքները, փաթեթավորել, տեսակավորել, որակի նկատմամբ հսկողություն սահմանել եւ վաճառել արդեն խոշոր իրացնող կազմակերպություններին: [Իսկ հիմա] մենք ունենք հետբերքահավաքային տեխնոլոգիաների խիստ պակաս, որի արդյունքում որոշ ապրանքատեսակների առումով մինչեւ 50 տոկոս բերքը կորչում է՝ մինչեւ շուկա հասնելը»:

Հենց այդ նպատակով էլ նախատեսված է «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի, որտեղ գյուղացին կկարողանա իրացնել որոշակի չափորոշիչներին համապատասխանող իր գյուղմթերքը։

Այս ամենից բացի, կառավարությունը որոշել է նաեւ խթանել ձկնամթերքի արտահանումը, մասնավորապես դեպի Ռուսաստան։ Ձկնամթերքի արտահանման համար դրական եզրակացություն պետք է տան «Ռուսգյուղվերահսկողության» մասնագետները, որոնք սեպտեմբերի սկզբից արդեն աշխատում են Հայաստանում։

«Մենք ակնկալում ենք, որ մեկ-երկու ամսվա ընթացքում մենք կունենանք արգելքի վերացում Ռուսաստանի Դաշնությունում, ինչը լուրջ խթան կհանդիսանա ոլորտի համար», - փոխանցեց Ղարիբյանը:

Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար անիրատեսական է կառավարության այս ծրագիրը. - «Ցավոք սրտի, սա հիշեցնում է կառավարության հերթական հեքիաթները, որ նրանք պատմում են անցյալ տարվանից՝ հակաճգնաժամային ծրագիր, տեխնոպարկ կամ ֆինանսական կենտրոն»:

Խաչատրյանը դրական է գնահատում «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարը, թեեւ, իր խոսքով, այն «չի իրականանա, քանի դեռ գոյություն ունի այս համակարգը. - «Ընդհանրապես Հայաստանի տնտեսական համակարգը միայն եւ միայն սպասարկում է օլիգարխների շահերը, ովքեր զբաղված են ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլեւ մյուս բնագավառներում: Վերջին 2-3 տարիների ընթացքում իրենք շատ քայլեր արեցին, որպեսզի գյուղատնտեսության մեջ էլ մոնոպոլիաներ ձեւավորեն: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ծիրանի արտահանման մոնոպոլիստը այսօրվա Ազգային ժողովի նախագահն է:»:
XS
SM
MD
LG