Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը չի բացառում իր առաջադրումը 2012 թվականի նախագահական ընտրություններին


Դմիտրի Մեդվեդեւը ելույթ է ունենում Փիթսբուրգի համալսարանում, 24 սեպտեմբերի, 2009
Դմիտրի Մեդվեդեւը ելույթ է ունենում Փիթսբուրգի համալսարանում, 24 սեպտեմբերի, 2009

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Փիթսբուրգում գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելուց զատ հինգշաբթի օրը հանդիպել է նաեւ Փիթսբուրգի համալսարանի ուսանողներին։

Այցելելով «Ռուսական սենյակ», որտեղ այդ պահին գրականության դաս էր ընթանում, նախագահը խոսել է ոչ միայն արդի գրականության, այլեւ քաղաքականության, մասնավորապես, ռուս - ամերիկյան հարաբերությունների, հակամարտությունների, ներկայիս տնտեսական ճգնաժամի եւ հրատապ այլ հարցերի մասին։

Մեդվեդեւն ասել է, որ չի բացառում իր մասնակցությունը 2012 թվականի նախագահական ընտրություններին։

«Եթե լավ աշխատեմ, եթե զգամ, որ ժողովուրդն ինձ վստահում է` ինչո՞ւ ոչ»,- ասել է նախագահն ու ավելացրել, որ վարչապետ Վլադիմիր Պուտինին վերաբերող հարցերը հարկ է հենց նրան հասցեագրել։

Մեդվեդեւի խոսքերով` ինքը պատրաստ է նաեւ այլ պաշտոններ վարել, միայն թե դա օգուտ բերի երկրին։

«Նախագահի եւ վարչապետի պաշտոնները` բարդ բան են, մեծ տարբերություն չկա»,- ասել է Մեդվեդեւը։

Համալսարանում ուսանողների հետ հանդիպման ավարտին երիտասարդներից մեկը հարցրել է, թե ի՞նչն է, Մեդվեդեւի կարծիքով, կյանքում ամենակարեւոր բանը։

«Ամենակարեւորը սերն է, դրանից կարեւոր էլ ի՞նչ», - պատասխանել է Ռուսաստանի նախագահը։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ճիշտ 50 տարի առաջ նույն համալսարանում ուսանողների հետ զրուցել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելած Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG