Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի վաղաժամկետ հեռանալը չի ցանկանում


Հայստան -- Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան, արխիվ

Հայստան -- Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան, արխիվ

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանը «խոհեմ է այնքան, որ ականջալուր կլինի» Դաշնակցության հորդորներին եւ կփոփոխի հայ-թուրքական կարգավորման հարցում որդեգրած քաղաքական ուղեգիծը։

«Քանի դեռ նախագահը կուրսը չի փոխել, մտահոգված ենք, դրա համար մենք, գտնվելով այս փուլի մեջ, ցանկանում ենք ամեն գնով ասել, որ՝ հարգարժան նախագահ, կուրսը անհրաժեշտ է փոփոխել», - սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, ՀՅԴ-ն ընդամենը ցանկանում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր քաղաքական ուղեգիծը փոխի, իսկ դա հրաժարականի պահանջ չի ենթադրում։

«Մենք, ի տարբերություն որոշ ուժերի, ոչ քո [Սերժ Սարգսյանի] պոստի վրա աչք ունենք, ոչ էլ ցանկանում ենք, որ դու ժամկետից շուտ հեռանաս», - ասաց Դաշնակցական պատգամավորը։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հանդես է եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։ «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները տարբեր առիթներով չեն բացառել, որ կարող են նույնպես պահանջել նախագահի հրաժարականը՝ եթե հայ-թուրքական կարգավորման շուրջ կառավարության քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ տեղի չունենան։

«Կարծում ենք, որ նախագահը խոհեմ է այնքան, որ ականջալուր կլինի», - հույս հայտնեց Արծվիկ Մինասյանը։

Առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է այցելել հայկական մեծ գաղթօջախներ՝ լսելու տեղի հայության տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Սփյուռքը միատարր չէ, բայց կարծում եմ այս հարցի շուրջ, ի տարբերություն շատ այլ հարցերի, բավական մեծ համախմբվածություն կա», - ասաց Մինասյանը։ Դաշնակցական պատգամավորի կարծիքով սփյուռքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում «դիմադրողականությունը լինելու է ավելի մեծ, քան թե աջակցությունը»։

Անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի որոշմանը, որով հավանություն էր տրվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Մինասյանը ափսոսանք հայտնեց, որ գիտնականներից շատերը շարունակում են մնալ «իշխանությանը հլու-հնազանդ»։

«Գիտական կոչմանը հարիր չէ, որ վտանգը տեսնելով չեն բարձրաձայնում», - հայտարարեց Դաշնակցական պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ բանավիճում էր Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ։ Վերջինս պնդեց, որ նախաստորագրված արձանագրություններում ոչ մի նախապայման չկա, թեեւ նշեց, որ որոշակի մտահոգություններ իրենք էլ ունեն։

«Հիմնականում տնտեսական առումով, օրենսդրական դաշտի փոփոխությունների առումով, մաքսային հարկային որոշ մտահոգություններ», - թվարկեց Մելիքյանը։

Հանրապետական պատգամավորը չբացառեց, որ հարցեր կծագեն նաեւ ցեղասպանության ուրացման հետ կապված, սակայն, խոսելով պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման եւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության մասին, նշեց, թե որեւէ վտանգավոր բան չկա։

«Թուրքիան, միեւնույն է, չի կարողանալու ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել», - կարծիք հայտնեց Մելիքյանը։ - «Եվ երբ որ Թուրքիան չկարողանա ապացուցել, որ հայերի ցեղասպանություն չի եղել, այդ ժամանակ բոլոր երկրները, նաեւ Թուրքիան, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը», - հայտարարեց Հանրապետական պատգամավորը։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը հակադարձեց, թե Մելիքյանը վտանգավոր բան է ասում, որովհետեւ քանի դեռ այդ հարցերը քննարկման փուլում են, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կկասեցվի, եւ ոչ ոք չի կարող ասել, թե քանի տարի կարող են տեւել այդ քննարկումները։

Հարցին, թե եթե այդ արձանագրությունները ստորագրելուց հետո պարզվի, որ Հայաստանի իշխանությունը դիվանագիտական պարտություն է կրել, արդյոք իշխող կուսակցության ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, հրաժարական կտա՞, Հանրապետական Գագիկ Մելիքյանը պատաստխանեց. - «Եթե պարտություն կրենք, ապա նման պահանջի իմաստ այլեւս չի էլ լինի»:

«Որովհետեւ այդ դեպքում Հայաստան չի լինի», - հակադարձեց Դաշնակցական Արծվիկ Մինասյանը:
XS
SM
MD
LG