Մատչելիության հղումներ

logo-print

Ռեջեփ Էրդողան. «Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու փնտրտուքը սկսել է պտուղներ տալ»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում` անդրադառնալով նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Էրդողանի 7 էջից բաղկացած ելույթի առանցքում աշխարհի չլուծված հակամարտություններն էին եւ դրանց կարգավորման գործընթացներին Թուրքիայի այս կամ այն չափով մասնակցությունը:

Թուրքիայի վարչապետը իր ելույթում, նախ եւ առաջ, ընդգծել է, որ հատկապես վերջին 7 տարիների ընթացքում հարեւանների հետ շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու նպատակով:

Էրդողանի խոսքով` իր երկիրը առաջնորդվում է «ոչ մի խնդիր հարեւանների հետ» սկզբունքով, ինչի շնորհիվ էական առաջընթաց է գրանցվել հարեւանների հետ երկկողմ հարաբերություններում:

Որպես օրինակ են բերվել Հունաստանի եւ Հայաստանի հետ վերջին զարգացումները: Թուրքիայի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, թե իրենց նպատակն է բարիդրացիական պասիվ հարաբերություններից անցում կատարել ակտիվ բարեկամության եւ համագործակցության:

«Հունաստանի հետ երկխոսությունը շարունակվում է, իսկ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու փնտրտուքը նպաստավոր պահ է ստեղծել եւ արդեն սկսել է պտուղներ տալ», - ասել է Էրդողանը:

«Մենք կարծում ենք, որ Կովկասում առկա հակամարտությունները, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրը, պետք է լուծվեն», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը` հավելելով. - «Ժամանակն է, որպեսզի Կովկասում էլ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա երկարաժամկետ լուծումներ գտնվեն»:

Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում իրենց գործընկերները համաձայն են խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն հաստատելու` Թուրքիայի տեսակետին:

«Մեր կարծիքով, Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը, որը ձեռնարկվել է անցյալ տարվա օգոստոսից, կարող է նպաստել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG