Մատչելիության հղումներ

Լուծարված Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները կշարունակեն կարճ զեկույցներ ներկայացնել հանրությանը եւ եվրակառույցներին


Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները շարունակելու են կարճ զեկույցների տեսքով հանրությանը եւ եվրակառույցներին ներկայացնել իրենց ձեռքի տակ եղած ու դեռեւս չլուսաբանված փաստերը, քանի որ, նրանց պնդմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած եզրակացության մեջ «գրեթե բացակայում էր փաստական մասը»։

Փաստահավաք խմբում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «հարցականներով լի այս փաստաթղթով ընդամենը մարտի մեկի էջը փակելու փորձ արվեց»։

Նշելով, որ հանձնաժողովի զեկույցում գերիշխում են պաշտոնական տեղեկատվությունն ու Հատուկ քննչական ծառայության մեկնաբանությունները, իսկ իրենց զեկույցներից ներառված են հիմնականում ընդհանուր բովանդակությունից կտրված կարճ հատվածներ, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ որոշ իրողություններ նույնիսկ կեղծվել են։

«Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված էր, որ առավոտյան դեպքերի հետ կապված Փաստահավաք խումբը ոչինչ չի ներկայացրել։ Դա չի համապատասխանում իրականությանը, այդտեղ էլ կեղծվել են իրողությունները, որովհետեւ նույն խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը հայտարարել էր, որ առավոտյան դեպքերի հետ կապված կան ե՛ւ տեսագրություններ, ե՛ւ փաստաթղթային նյութեր եւ ուսումնասիրություններ, որոնք փոխանցվել են», - ասաց Քոչարյանը։ - «Եթե փոխանցվել են եւ չեն ուսումնասիրվել՝ դա այլ պատմություն է։ Եթե ուսումնասիրվել են եւ չեն ներառվել՝ դա նշանակում է կոծկում»։

Անդրադառնալով խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի եզրակացությանը, թե ոստիկանների գործողությունները հիմնականում իրավաչափ են եղել, Անդրանիկ Քոչարյանը նկատեց. - «Ինչպե՞ս կարելի է այդպես գնահատել, երբ 10 զոհ ունենք, ունենք 100-ից ավելի վիրավորներ, հրազենային վնասվածք ստացած մարդիկ, ունենք կիրառված հսկայական քանակությամբ զենք-զինամթերք։ Պարզ դարձավ, որ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել ո՛չ առավոտյան, ո՛չ կեսօրին, բայց ցուցարարների միջավայրում հայտնվել էր գնդացիրով զրահամեքենա»։

Լուծարված Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանը, հայտարարելով, որ հանձնաժողովի «զեկույցը ատենախոսություն չէ, որ հնարավոր լինի միանշանակ գնահատական տալ», միայն նշեց, որ իր դիրքորոշումը, ըստ էության, համընկնում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օրերս հնչեցրած դիրքորոշման հետ։

Արմեն Հարությունյանը, մասնավորապես, կարծիք էր հայտնել, թե «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցում «հավասարակշռությունը պահպանված չէ»։

Արձագանքելով խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության պնդմանը, թե Փաստահավաք խումբը մարտի 1-ի առավոտյան զարգացումների վերաբերյալ փաստական նյութ չի տրամադրել՝ Ստեփանյանը ասաց. - «Ես չգիտեմ ինչ են նկատի ունեցել զեկույցի հեղինակները։ Եթե նրանք ենթադրում էին, որ զեկույց չի տրամադրվել, դա, իհարկե, համապատասխանում է իրականությանը։ Այնուամենայնիվ, որոշակի փաստեր, փաստաթղթեր տրվել են։ Բայց դրանք առավոտյան մասով երեւի լրիվ չեն օգտագործվել»։

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խումբը ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ։ Փաստահավաք խումբը, որում ընդգրկված էին իշխող կոալիցիայի, ընդդիմության եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, լուծարվեց նախագահի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ այդպես էլ չներկայացնելով իր վերջնական զեկույցը։

Անցյալ տարվա հունիսին ձեւավորված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իր 138-էջանոց եզրակացությունը Ազգային ժողովին ներկայացրեց սեպտեմբերի 16-ին։ Եզրակացության ներկայացումից հետո ժամանակավոր հանձնաժողովը, ըստ էության, դադարեց գոյություն ունենալուց։
XS
SM
MD
LG