Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հայ - թուրքական հարաբերությունները քննարկել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հինգշաբթի օրը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա զարգացումներին վերաբերող հարցեր։

«Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ եւ տարրեր եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ։ Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները։ Ես սա հասկանում եմ, քանի որ շատ պարագաներում ինքս էլ ներքուստ պայքարում եմ իմ հույզերի հետ։ Բայց, այդուհանդերձ, համոզված եմ, որ այս քննարկումներն անհրաժեշտ են», - ասել է երկրի ղեկավարը։

Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` «լսելու տեղի եւ համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»։

Վեհափառ հայրապետը ողջունել է երկրի նախագահի համահայկական ուղեւորության նախաձեռնությունը։

«Սփյուռքը մեր ժողովրդի կարեւոր եւ անբաժանելի մասն է, եւ ճիշտ է, որ Սփյուռքի մեր զավակները, ովքեր այս օրերին նույնպես բուռն քննարկում է են հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը, հնարավորություն ունենան անձամբ Ձեզանից պատասխաններ լսելու իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Դուք հաղորդ դառնաք Սփյուռքի մեր զավակների մտածումներին, տեսակետներին եւ մտահոգություններին», - ասել է Վեհափառը։

Կաթողիկոսը հայտնել է, որ Գերագույն հոգեւոր խորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նախաստորագրված փաստաթղթերը եւ հանդես է գալու համապատասխան հայտարարությամբ։

Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակով մտահոգություններ է հայտնել Սերժ Սարգսյանին


Կիլիկիո կաթողիկոս Վեհափառ Արամ Առաջինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում իր վերաբերմունքն ու մտահոգություններն է հայտնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ։

Կիլիկիո կաթողիկոսը իր նամակում, մասնավորապես, գրում է. - «Ես, որ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, իմ մտահոգություններն եմ հայտնում։ Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման ներկա զարգացումները լուրջ մտահոգության առիթ են դարձել ողջ հայկական սփյուռքում։ Մեր մտահոգությունները հատկապես առնչվում են Օսմանյան Կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ»։

Արամ Առաջինը իր նամակում հորդորում է Հայաստանի նախագահին եւ ողջ վարչախմբին՝ կոշտ դիրքորոշում ունենալ ցեղասպանության հարցում։ Կիլիկիո կաթողիկոսը նաեւ զգուշացնում է. - «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը մեր ազգային պայքարի մի մասն է, ուստի պարտադիր է, որպեսզի այս խնդրին անդրադառնալիս ավելի ուշադիր եւ նրբանկատ լինենք»։

Արամ Առաջինը մտահոգություն է հայտնում նաեւ պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու վերաբերյալ՝ գրելով. - «Նման հանձնաժողովում պատմական փաստաթղթերի հետազոտությունը կասկածի տակ կդնի Հայոց ցեղասպանությունն ընդհանրապես։ Ուստի խորհուրդ չի տրվում ստեղծել այդ ենթահանձնաժողովը»։

«Միեւնույն ժամանակ, չէինք ցանկանա, որպեսզի Թուրքիային հնարավորություն տրվի հայկական սփյուռքին մեղադրել Հայաստանի գործերին խառնվելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ», - եզրափակում է նամակը Արամ Առաջինը, - «ուստի անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փարատի հայկական սփյուռքի կասկածները»։

Նախագահին ուղղված կարծիքները, նամակները «մանրամասն» ուսումնասիրվում են


«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող քննարկումների վեցշաբաթյա ժամանակահատվածում բազմաթիվ կարծիքներ ու տեսակետներ են արտահայտել Հայաստանի քաղաքացիներն ու սփյուռքից մեր քույրերն ու եղբայրները», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ հանրապետության նախագահին բազմաթիվ կարծիքներ են ուղղվել բաց նամակների տեսքով, էլեկտրոնային փոստի միջոցով, որոնք մանրամասն ուսումնասիրվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG