Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը տուրքեր է մտցնում Հայաստանի, Չինաստանի եւ Բրազիլիայի փայլաթիթեղ արտադրողների նկատմամբ


Եվրամիությունը որոշել է հինգ տարով տուրքեր մտցնել Հայաստանից, Չինաստանից եւ Բրազիլիայից ներկրվող ալյումինե փայլաթիթեղի նկատմամբ` եվրոպացի արտադրողներին աջակցելու նպատակով։

Ըստ Bloomberg գործակալության, այս որոշմամբ Եվրամիությունը պատժում է Հայաստանի, Չինաստանի, Բրազիլիայի փայլաթիթեղ արտադրողներին` դեմպինգ իրականացնելու եւ իրենց արտադրանքը Եվրամիության 27 երկրներում ինքնարժեքից ավելի ցածր գնով վաճառելու համար։

Այսօր Բրյուսելում ընդունված որոշման մեջ նշվում է, որ Եվրամիության արտադրողները, այդ թվում՝ Lեհաստանի,Հունաստանի, Բուլղարիայի խոշորագույն արտադրողները, նյութական վնասներ են կրել այդ դեմպինգային քաղաքականության արդյունքում։

Հոկտեմբերի 8-ից ուժի մեջ մտնող այս որոշման համաձայն, Չինաստանի արտադրողների նկատմամբ սահմանվել է 30 տոկոս մաքսատուրք, Բրազիլիայի արտադրողների նկատմամբ` 17.6, Հայաստանի «Ռուսալ-Արմենալի» նկատմամբ` 13.4։

Հաղորդագրության համաձայն, 2008 թվականին Չինաստանի, Բրազիլիայի եւ Հայաստանի արտադրողները համատեղ տնօրինել են ալյումինի փայլաթիթեղի եվրոպական շուկայի 49 տոկոսը` էական աճ արձանագրելով 2005 թվականի 14 տոկոսի համեմատ։ 2008 թվականի հուլիսին նրանց նկատմամբ հայց է ներկայացրել Մետաղների եվրոպական ընկերակցությունը, ինչի արդյունքում այսօր կայացվել է Եվրամիության համապատասխան որոշումը։

Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, 2008 թվականին ռուս մեծահարուստ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ-Արմենալը» արտադրել է ավելի քան 11 հազար տոննա ալյումինե փայլաթիթեղ։ Արտադրանքի 90 տոկոսն արտահանվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG