Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի հանձնաժողովի ԱԺՄ-ական անդամը չի բացառում, որ զոհերը թիվը 10-ից ավելի է եղել


Մարտի 1-2- իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը (Ազգային ժողովրդավարական միություն) հինգշաբթի օրը հայտարարեց, թե մարտի 1-ին զոհերի թիվը «առնվազն» 10-ն է եղել:

Լրագրողների հետ հանդիպմանը հիմնավորելով իր հայտարարությունը՝ Վարդանյանը ասաց. - «Վերցնենք արյան լճակների պահը: Զննության արդյունքում, եթե չեմ սխալվում, հինգ արյան փոքր լճակներ են հայտնաբերվել: Բայց այդ արյան լճակներից վերցված նմուշները չեն համեմատվել զոհվածների կամ վիրավորների արյան նմուշների բաղադրության հետ: Այսինքն՝ եթե համեմատվեին ու պարզվեր՝ բոլորը համընկնում են, կարելի էր ասել՝ այս արյունը ուրիշ մարդու չի պատկանում: Բայց չեն համեմատել: Միգուցե միտումնավո՞ր չեն համեմատել»:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր կլիներ քողարկել, եթե զոհերի թիվը տասից ավելի լիներ, Արտավազդ Վարդանյանը արձագանքեց. - «Մեր իրականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է»:

Նա անդրադարձավ զոհերից Զաքար Հովհաննիսյանը մահվան հանգամանքներին՝ ասելով, թե, իր կարծիքով, Հովհաննիսյանին սպանել են ոստիկանները: Նա փաստարկեց, թե Հովհաննիսյանը սպանվել է Մաշտոցի փողոցում գտնվող շուկային հարող տարածքում ժամը 1 - 1:30-ի սահմաններում,, իսկ այդ ժամանակ այդտեղ գտնվել են միայն «ոստիկանության զորքերն ու ոստիկանները»:

Խոսելով ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ՝ Վարդանյանը պնդեց, թե դատախազության վարկածը, թե Աբգարյանը վնասվածք է ստացել ժամը 23-ին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ զինծառայողը հիվանդանոցում է գտնվել արդեն 22:00-ին:

Բացի այդ, նա հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ հանձնաժողովին չի ներկայացվել Աբգարյանի վնասվածքների ռենտգեն լուսանկարը, որպեսզի պարզ լինի, թե քանի կրակոցից է նա մահացել: Ըստ պաշտոնական վարկածի, Աբգարյանը մահացել է մեկ կրակոցից, բայց ռենտգեն լուսանկարը չներկայացնելը հարուցել է Վարդանյանի կասկածը:

Արտավազդ Վարդանյանի խոսքով, Սամվել Նիկոյանի (ՀՀԿ) գլխավորած հանձնաժողովը «ամեն կերպ փորձել է արդարացնել նախաքննական մարմնին»:

Վարդանյանը նաեւ հայտարարեց, թե խորհրդարանական հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել դիտելու Փաստահավաք խմբի կողմից ներկայացված տեսաժապավենները, քանի որ նախաքննական մարմինը դրանք «վերցրել ու ետ չի տվել»:

«Նախաքննական մարմինը մեզ հնարավորություն չտվեց, որպեսզի այդ ժապավենները դիտենք ու եզրակացություն անենք», - ասաց նա:

Արտավազդ Վարդանյանը չի ստորագրել ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը՝ այդ կերպ հայտնելով իր անհամաձայնությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով, հիշեցնենք, Հանրային խորհրդի նախագահն է, Վարդանյանի արարքը քննարկվել է կուսակցության վարչության նիստում եւ որոշվել է, որ ԱԺՄ-ն հանձնաժողովում ներկայացնող անդամը կարգապահական խախտում է թույլ տվել. Մանուկյանի խոսքով, մինչեւ նման որոշում կայացնելը Արտավազդ Վարդանյանը պարտավոր էր հարցը քննարկել կուսակցությունում, եւ «կուսակցությունը պետք է որոշեր՝ ստորագրե՞լ հանձնաժողովի զեկույցը, թե՞ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG