Մատչելիության հղումներ

Սարգիս Հացպանյանը պնդում է, որ հրաժարվել է համաներման առաջարկից


Սարգիս Հացպանյանը իր դատավարության ժամանակ, մարտ, 2009
Սարգիս Հացպանյանը իր դատավարության ժամանակ, մարտ, 2009

3.5 տարվա ազատազրկման դատապարտված ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, իր իսկ փոխանցմամբ, հրաժարվել է համաներմամբ պատժի չկրած մասը մեկ երրորդով կրճատելու առաջարկից։

Հինգշաբթի օրը Հացպանյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց հետեւյալը. - «Այսօր քրեակատարողական հիմնարկի աշխատակազմը ինձ հայտնել է, որ ըստ հունիսի 19-ի համաներման մասին որոշման 7-րդ կետի ինչ-որ երրորդ ենթակետի, իմ մինչեւ հիմա չկրած պատժիս ժամկետը մեկ երրորդով կարճում են եւ դրանով իմ վրա ուզում են համաներումը կիրառել»։

Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի համաներման մասին որոշումը տարածվում է Հացպանյանի վրա, սակայն նրան ազատ արձակելու գործընթացը ձգձգվում է։

«Անմիջապես հետո գրավոր դիմել եմ, ասելով, որ ես համաներման մասին որոշման 7-րդ կետի երրորդ ենթակետով համաներումը մերժում եմ», - հայտնեց Հացպանյանը։ - «Չեմ ընդունում նման համաներումը։ Ես ասում եմ՝ ընդհակառակը, դուք ինձ պիտի համաներեք հենց ազատամարտիկ լինելուս համար»։

Ո'չ Հայաստանի, ո'չ էլ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները, սակայն, համապատասխան տեղեկանք չեն տրամադրում, որով Հացպանյանը կկարողանա ապացուցել, որ ինքը մասնակից է եղել Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողություններին եւ օգտվի համաներման որոշման մեկ այլ կետով սահմանված իրավունքից։

Հացպանյանի պնդմամբ, ինքը այնքան փաստեր է ներկայացրել, որոնք ապացուցում են Ղարաբաղի պատերազմին իր մասնակցությունը, որ համաներման որոշման համար պատասխանատու մարմինները «չեն կարողանում տակից դուրս գալ»։

«Ուզում են համաներումը այսպիսով կիրառելով իմ հարցը փակել, եւ ասել՝ Հացպանյան Սարգիսը համաներված է», - մեկնաբանեց Հացպանյանը։

Սարգիս Հացպանյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, Քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասով (սուտ մատնություն) դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման եւ արդեն 10 ամիս գտնվում է բանտում։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG