Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը առաջարկում է Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հայ - թուրքական հարցով բանավեճեր կազմակերպել


«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսօր նույնաբովանդակ նամակներով դիմել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեններ Արմեն Արզումանյանին եւ Արմեն Ամիրյանին` «Հ1»-ի եւ Հանրային ռադիոյի ամենադիտվող եւ լսվող ժամերին հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված բանավեճեր կազմակերպելու առաջարկով:

Նամակում, մասնավորապես, ասված է. - «Ժառանգություն»-ը սպասում էր, որ առաջին հերթին Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով անհապաղ կկազմակերպվեն դրանց [հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններին] նվիրված բանավեճեր ու քննարկումներ: Ավաղ, [արձանագրությունների նախաստորագրումից] անցել է արդեն ավելի քան 3 շաբաթ, բայց նման որեւէ քննարկում ու բանավեճ չդիտեցինք կամ չլսեցինք, բացի որոշ մամուլի ակումբներում տեղի ունեցած բանավեճերի թռուցիկ լուսաբանումը: Ի նկատի ունենալով հայ - թուրքական հարաբերությունների նշանակությունը որպես պետական կյանքի ու ազգային անվտանգության կարեւորագույն հարց, «Ժառանգություն» կուսակցությունը եւ խմբակցությունը դիմում են Ձեզ առաջարկով` ներքին խորհրդակցությունների համար համաձայնեցված 6-շաբաթյա ժամկետի մինչեւ հոկտեմբերի 14-ը մնացած 3 շաբաթվա ընթացքում հանրության մեծամասնության համար դիտելի ժամերին կազմակերպել հեռուստաբանավեճեր` նվիրված հայ - թուրքական հարաբերութունների կարգավորմանն ու նախաստորագրված արձանագրություններին, եւ դրանց հրավիրել խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG