Մատչելիության հղումներ

logo-print

Փիթսբուրգում քննարկվելիք առանցքային թեման տնտեսական ճգնաժամի կրկնությունից խուսափելն է


Փիթսբուրգում տեղադրվում է գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով վահանակ, 22 սեպտեմբերի, 2009

Փիթսբուրգում տեղադրվում է գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով վահանակ, 22 սեպտեմբերի, 2009

Ինչպես խուսափել համաշխարհային տնտեսական ճգնաժամի կրկնությունից. սա է լինելու այն հիմնական խնդիրը, որ քննարկելու են աշխարհի տնտեսապես առավել զարգացած 20 պետությունների ղեկավարները հինգշաբթի օրը ամերիկյան Փիթսբուրգ քաղաքում մեկնարկող համաժողովի ընթացքում:

Հավաքի օրակարգի առանցքային թեմային առաջինը հրապարակայնորեն անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` իր ամենշաբաթյա ռադիոուղերձում: «Քսանյակի գագաթնաժողովի ընթացքում մենք կքննարկենք այն քայլերը, որոնք հնարավորություն կընձեռեն մեզ ավելի ապահով դարձնել համաշխարհային ֆինանսական համակարգը, ինչպես նաեւ վերացնել այն սողանցքները, որոնք ի վերջո հանգեցրել են այս ճգնաժամին: Այդ երեւույթներից առավել վտանգավորներն են ռիսկայնությունն ու անպատասխանատվությունը», - հայտարարել է Օբաման:

Ակնկալվում է, որ համաժողովի մասնակիցները կփորձեն ընդհանուր հայտարարի գալ բանկային համակարգի գործունեության կանոնակարգման շուրջ: Այսպես, առաջարկվում է հրաժարվել խոշորագույն ֆինանսական ընկերությունների եւ բանկերի ղեկավարներին աստղաբաշխական պարգեւավճարների շնորհման պրակտիկայից: Տնտեսագետներից ոմանց կարծիքով` համաշխարհային բիզնես-վերնախավի այս անձեռմխելի ու արտոնյալ վիճակը ճգնաժամի ծագման հիմնական պատճառներից մեկն էր:

Բրիտանացի տնտեսագետ Էնթոնի Քլեյրի խոսքով` փիթսբուրգյան համաժողովի կողմից հաստատվելիք նորամուծությունները երկարաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն կունենան: Տեսանելի ապագայում, սակայն, հետեւանքները հիմնականում բացասական են լինելու, նշում է Քլեյրը:

«Ինչ է լինելու առաջիկա երկու կամ երեք տարիներին. բանկերը սկսելու են ավելի շատ դրամական միջոցներ իրենց մոտ պահել եւ դժկամությամբ են վարկեր տրամադրելու, ինչի արդյունքում կդանդաղեն տնտեսական աճի տեմպերը: Կարգավորման այն մակարդակին, որին ձգտում են քսանյակի անդամները, հնարավոր կլինի հասնել մոտ հինգ տարի հետո միայն», - համոզված է փորձագետը:

Ըստ ամերիկյան պարբերականների` պատահական չէ, որ Օբամայի վարչակազմը որոշել է տնտեսապես զարգացած 20 պետությունների ղեկավարներին հրավիրել հենց Փիթսբուրգ: Ըստ Time հանդեսի` ԱՄՆ-ի նախագահն իր հյուրերին մեկ առանձին վերցրած քաղաքի օրինակով ցանկանում է ցույց տալ, թե ինչպես է պետք պայքարել ճգնաժամի դեմ:

Ամերիկյան մետալուրգիական արդյունաբերության կենտրոնը հանդիսացող Փիթսբուրգը դեռ մի քանի տարի առաջ խորը ճգնաժամի մեջ էր: Այսօր արդեն այստեղ զարկ են տվել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլընտրանքային աղբյուրների վրա հիմնված էներգետիկայի զարգացմանը: Որպես արդյունք` ընդամենը մի քանի տարում գործազրկության մակարդակը քաղաքում կտրուկ նվազել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG