Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 24-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - ««Անկեղծ չենք» վերնագիրը այսօրվա քաղաքական ուժերին բնութագրելու համար չափից դուրս մեղմ է: Մենք ոչ միայն անկեղծ չենք, այլեւ չափազանց կեղծավոր ենք եւ երեսպաշտ: Ի վերջո, կան հարցեր, որոնց պետք է պատասխանել «այո» կամ «ոչ»: Օրինակ, Սերժ Սարգսյանը ընտրվե՞լ էր 2008-ի ընտրությունների արդյունքում, մարտի 1-ի պատասխանատուն իշխանությո՞ւնն է, այսօր անազատության մեջ գտնվող ընդդիմության 19 ներկայացուցիչները հետապնդվում են քաղաքակա՞ն հայացքների համար... Դնելով այս հարցերը՝ պարզապես պարտավոր եմ պատասխանել՝ ոչ, այո, այո: Մեր քաղաքական ուժերն ու գործիչները [տվյալ դեպքում՝ բացի Կոնգրեսից] այդ հարցերը լսելիս սկսում են սեթեւեթել, ֆռռացնել եւ օգտագործել վերջերս մոդայինկ դարձած ֆուտբոլային եզրաբանությունը՝ զբաղվել խոսքային «դրիբլինգներով»: Այդպես է վարվում, մասնավորապես, Դաշնակցությունը: Հիշո՞ւմ եք, փառապանծ «Արարատ»-ի 8-րդ համարը՝ Լեւոն Իշտոյանը հարձակման աջ եզրում սիրում էր երկար-բարակ «խաբսեր տալ»»:

«Գոլոս Արմենիի»-ին հարցնում է՝ ի՞նչ արժեր, օրինակ, «մարտի 1-ի չարաբաստիկ յոթնյակին Քրեական օրենսգրքի 300 հոդվածով առաջադրված իշխանության յուրացման մեղադրանքը: Այդ մասով ապացուցողական բազան այնքան անհեթեթ էր, որ դատախազները պատշաճ առիթ էին փնտրում դրանից հրաժարվելու համար: Բայց հիմնավորումների բացակայության մասին հայտնի էր դեռ մեղադրական եզրակացությունները ստորագրելիս: Ինչո՞ւ դրանք ստորագրեցին եւ տրցակով դատարաններ ուղարկեցին: Ինչո՞ւ չլրամշակեցին, որ ոչ միայն իրենց, այլեւ իշխանություններին չդնեն հարվածի տակ՝ տալով քաղաքական սպեկուլյացիաների առիթ: ժամանակն է ամբողջովին ավարտել մարտի 1-ի քննությունը՝ արժանավայել իրավական մակարդակի վրա, պատասխանել հասարակության բոլոր հարցերին: Այսպես թե այնպես, Երրորդ Հանրապետությունը նշում է իր տարեդարձը եւ իրավունք չունի հիվանդանալ ժողովրդավարության մանկական հիվանդությամբ: Այն էլ՝ մահացու ելքով»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Տասը տարի շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվել է կոպիտ ասած, «բառադիության» վրա: Ռոբերտ Քոչարյանի հաշվարկը եղել է այն, որ ինքը բանակցությունների սեղանի շուրջը անընդհատ զիջումներ կանի, բայց պրոցեսը կձգձգի մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը եւ այդպես էլ որեւէ փաստաթուղթ չի ստորագրի: Այո, Վարդան Օսկանյանը ճիշտ է ասում. ինքը երբեք այդպիսի փաստաթուղթ չէր ստորագրի: Բայց համաձայնվեք՝ դա արդարացում չէ: Նույն հաջողությամբ ռեստորանի խոհարարը կարող է ուտելիքի փոխարեն ինչ-որ աղբ եփել, հետո դեմ տալ մատուցողներին, ու երբ վերջիններիս սկսեն ծեծել, հպարտ-հպարտ հայտարարել, թե ինքը երբե'ք այդ աղբը անձամբ չէր մատուցի: Իհարկե, չէր մատուցի, հո հիմար չի, որ անձամբ ծեծ ուտի: Բայց ժամանակ ձգելու եւ «նոր ճաշ» եփելու խորհուրդ տալը նույնպես բարոյական չէ, որովհետեւ այդ դեպքում էլ ծեծելու են ուշացնելու համար (եւ Վարդան Օսկանյանը շատ լավ հասկանում է դա)»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը հրաժարականը զուտ պահանջ չէ, դա զուտ ցանկություն չէ, դա զուտ ընդդիմության պարտականությունը կատարելու կամ ընդդիմադիր լինելու չափանիշ չէ: Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը քաղաքական յուրօրինակ առաջարկ է հենց նույն Սերժ Սարգսյանին, որն ինքն էլ, թերեւս, գիտակցում է, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել, եւ ինքն էլ գուցե ելք է որոնում այդ իրավիճակից դուրս գալու համար: Միգուցե հենց այդ իրավիճակից դուրս գալուն է ծառայում նաեւ այն ցուցադրական ընդդիմադրությունը, որ նույն Դաշնակցության շնորհիվ փորձում է, թերեւս, կազմակերպել իշխանությունը՝ այդ ընդդիմադրությամբ արդարացնելու համար իր որոշակի նահանջները: Բայց այդ ամենը Սերժ Սարգսյանին չի օգնի: Նրան նահանջի հնարավորություն այլեւս որեւէ մեկը չի տա: Հայ-թուրքական գործընթացը նա պարտավոր է հասցնել ավարտին այն տեսքով, ինչով որ սկսել է: Դրա համար է միջազգային հանրությունը հանդուրժել նրա «բացարձակ» հաղթանակը 2007 թվականի խորհրդարանական ընտրությանը, նրա հաղթանակը 2008 թվականի նախագահական ընտրությանը, նրա հաղթանակը 2009 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրությանը: Սերժ Սարգսյանին դե յուրե բացարձակ իշխանությամբ օժտել են այն բանի համար, այն բանի դիմաց, որ նա սկսի ու ավարտին հասցնի հայ-թուրքական գործընթացը այն տեսքով, որով որ այն ընթանում է այժմ»:

«Ազգ»-ը, հղում անելով թուրքական Euractiv կայքէջին, գրում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի թիկնապահների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Սկանդալը տեղի է ունեցել Նյու Յորքում G-20 խմբի հերթական խորհրդաժողովի ժամանակ: Էրդողանը անձամբ հետ է մղել հարվածը եւ հրել ամերիկացիներից մեկին: Դեպքից հետո Թուրքիայի վարչապետը հրաժարվել է մասնակցել խորհրդակցություններին եւ անմիջապես լքել է նիստերի դահլիճը: ԱՄՆ-ի հետախուզության աշխատակիցները, որոնք իրականացնում էին Էրդողանի պաշտպանությունը, փոխարինվել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG