Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել Արեւելյան գործընկերությանը»


Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին եւ լիարժեք օգտագործել առկա ներուժը: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեկ ընդունելով Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեւիչին:

«Մեր նպատակը տարբեր ոլորտներում լայնածավալ բարեփոխումների իրականացումն է, որպեսզի մեր երկրի քաղաքական, տնտեսական համակարգը համահունչ լինի այն երկրներին, որոնց հետ ձգտում ենք գործընկերության», - ընդգծել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախագահը բարձր է գնահատել Լեհաստանի հետ Հայաստանի հարաբերությունները եւ համոզմունք հայտնել, որ հայ - լեհական գործակցությանը նոր որակ կարելի է հաղորդել Արեւելյան գործընկերության շրջանակում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Միկոլայ Դովգիլեւիչը Արեւելյան գործընկերությունը համարել է գործակցության լավագույն մոդելներից եւ նշել, որ Հայաստանը Գործընկերության առաջատար երկրներից է, լիովին ներգրավված է ծրագրում եւ կարող է առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG