Մատչելիության հղումներ

«Միացում»-ը ցույց է անցկացնում նախագահի նստավայրի մոտ


«Միացում» նախաձեռնությունը բողոքի ցույց է անցկացնում նախագահական նստավայրի դիմաց:

«Միացում» նախաձեռնությունը բողոքի ցույց է անցկացնում նախագահական նստավայրի դիմաց:

«Միացում» ազգային նախաձեռնությունը չորեքշաբթի օրը բողոքի ակցիա էր կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի մոտ՝ ընդդեմ «Մադրիդյան սկզբունքների» եւ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է «Միացում»-ը որոշել տեղափոխել իր բողոքի ակցիան Արտգործնախարարության շենքի մոտից նախագահական նստավայր, նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. - «Որովհետեւ այս դավաճանական ընթացքի պատասխանատուն նա է։ Ուրիշ որեւէ մեկին, կարծում եմ, այսօր պատասխանատվության կանչելը իմաստ չունի։ Կարծում եմ, եթե բան ունենք այս ընթացքի դեմ բողոքելու, ապա միայն ու միայն այս շենքի առաջ պետք է լինի։ Մեր բողոքն ենք ուզում հայտնել ե'ւ Մադրիդյան սկզբունքների, ե'ւ թուրքական արձանագրությունների [դեմ]։ Այսօր որոշել ենք նախագահական նստավայրի դիմաց մեր բողոքի ձայնը բարձրացնենք։ Ապագայում եւս այսպիսի ակցիաներ լինելու են տարբեր կետերում քաղաքի»։

Տարածքը հսկող առնվազն մեկ տասնյակ ոստիկանները` Ոստիկանության պարեկապահակային ծառայության պետ Ռոբերտ Մելքոնյանի եւ նրա տեղակալ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, նախ մասնակիցներին խնդրեցին ազատել մայթը` անցորդների ազատ անցուդարձը չխոչընդոտելու համար։

Ակցիայի մասնակիցներից մի տարեց կին, ով արցախյան հերոսամարտի տարիներին զոհված Էդիկ Տռուզյանի մայրն է, իր ձեռքում պահում էր պաստառ` նախագահ Սերժ Սարգսյանի խաչով ջնջած դիմանկարով։ Ոստիկանները մի քանի անգամ փորձեցին խլել նրա պաստառը` ասելով, թե այն վիրավորանք է նախագահի հասցեին, թե «բողոքի ձեւն էլ սահմաններ ունի»։ Բողոքի ակցիայի մյուս մասնակիցները, սակայն, ընդդիմացան դրան, եւ պաստառը մնաց կնոջ մոտ։

Քիչ անց, այդուհանդերձ, քաշքշուկ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ, երբ ոստիկաններից մեկը մոտեցավ, տարեց կնոջից խլեց պաստառն ու հեռացավ։

«Միացում» ազգային նախաձեռնության անդամները առաջիկայում պատրաստվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներին ուղղված նամակներ հանձնել Հայաստանում հավատարմագրված այդ երկրների դեսպաններին։
XS
SM
MD
LG