Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատը հայտնաբերած խախտումների կապակցությամբ դատախազություն չի դիմելու


Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մամուլի ասուլիսում: 23-ը սեպտեմբերի, 2009 թ.
Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մամուլի ասուլիսում: 23-ը սեպտեմբերի, 2009 թ.

Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի՝ չորեքշաբթի օրը կայացած նիստում հրապարակվել են պետական մարմինների գործունեության մեջ բացահայտված մի շարք խախտումներ, որոնց կապակցությամբ, սակայն, դատախազությանը որեւէ դիմում չի ներկայացվելու:

«Կոնկրետ այսօր քննարկված հարցերի հետ կապված՝ չենք դիմելու», - նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Պալատի առաջին վարչության պետ Սամվել Թադեւոսյանը ներկայացրեց Ֆինանսների նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքները՝ նշելով, որ մի շարք թերություններ եւ խախտումներ են արձանագրվել նախարարություն աշխատակազմի, ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վարչության գործունեության գործունեության մեջ:

Ըստ հաշվետվության, շահումով խաղատների եւ խաղասրահների լիցենզիաները տրվել են «օրենքի խախտումներով, ոչ հավաստի փաստաթղթերով»:

Այս առնչությամբ Իշխան Զաքարյանը ասաց. - «Ֆինանսների նախարարությունից լիցենզիա ստացողը պարտավոր է հաստատագրված 4 միլիոն դրամը՝ յուրաքանչյուր սեղանիկի համար, վճարել պետական բյուջե: Շատ հանգիստ կարող են նույն ընկերության աշխատակիցները հարկային մարմինների հետ գալ համաձայնության, թաքցնել ուղղակի սեղանիկները եւ հայտարարել, որ աշխատում են երկուսը կամ երեքը»:

Անդրադառնալով թանկարժեք իրերի ոլորտին՝ Զաքարյանը պատասխանատու համարեց նույն Ֆինանսների նախարարությանը. - «2007 թվականի միջին ամսեկան ներմուծումը, օրինակ, «Պրիմա Գոլդ»-ում 200 գրամ է եղել: Կամ «Մերկուրի»-ում՝ 525 գրամ, «Ջիանի»-ում՝ 17 գրամ: 2008 թվականին «Ջիանի»-ին ընդհանրապես ներմուծում ցույց չի տվել, «Մերկուրի»-ում՝ ամսեկան միջինը՝ 433 գրամ, «Պրիմա Գոլդ»-ում՝ 243 գրամ: Մենակ այս թվերը ամեն ինչ ասում են: Մի հատ շատ լավ հարսանիքի ժամանակ մի քանի կիլոգրամ կարող է այս խանութներից մեկը ոսկի վաճառել: Ես խոսում եմ ամսական գրամների մասին: Սա չի կարող այսպես լինել»:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Բաներ կան, որ վերաբերում են կոնկրետ ֆինանսների նախարարությանը, բաներ կան, որ ֆինանսների նախարարությանը չեն վերաբերում... Հարկային պարտավորությունների կատարում-չկատարումը, լիցենզավորման պահանջների վերահսկողությունը, օրինակ, որոշ տեղերում, դա, ասենք, Ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչությունից դուրս է»:

Ըստ հաշվետվության, Արդարադատության նախարարությունը շինարարության ոլորտում թույլ է տվել 65 միլիոն դրամի խախտում, եւ առայժմ վերականգնվել է գումարի միայն կեսը: Ըստ նույն հաշվետվության, դատապարտյալների համար նախատեսված սննդի գումարի մի մասը (14 միլիոն 95 հազար դրամ) բաշխվել է քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներին՝ իբրեւ պարգեւատրում:

Արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Չէր կարելի, եւ հիմա անպայման դա պիտի ետ վերականգնվի: Անպայման կպարզվեն մեղավորները եւ անպայման կպատժվեն»:

3 միլիոն դրամից ավելի գումարի խախտում է արձանագրվել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Ծանրամարտի, բռնցքամարտի եւ ըմբշամարտի ֆեդերացիաները արտերկիր գործուղած աշխատակիցների օրապահիկները սահմանել են բյուջեով նախատեսվածից ցածր գումարով:

Նախարար Արմեն Գրիգորյանի դրանք խախտում չի համարում:

«Դա ընդամենը փաստաթղթային թեթեւ աշխատանք է: Այո, թյուրիմացություններ կան թարգմանությունների մեջ: Խախտում չի եղել, ի օգուտ պետությանն է եղել, այսպես ասած», - «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանեց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG