Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դիմել է Սահմանադրական դատարան


«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը սեպտեմբերի 23-ին դիմել է Սահմանադրական դատարան` հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների՝ Հայաստանի սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկելու առաջարկով:

Հայաստանի սահմանադրությունը մինչեւ միջազգային պայմանագրերի վավերացումը Ազգային ժողովին իրավունք չի վերապահում դրանք վիճարկել Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանը, իր հերթին, իրավասու չէ դեռեւս չստորագրված պայմանագրերի շուրջ վճիռներ կայացնել։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգություն» կուսակցությունը, օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով պատգամավորներին վերապահված իրավասություններից, պարզապես դիմել է Սահմանադրական դատարան՝ այս կառույցի նախնական դիրքորոշումն իմանալու ակնկալիքով։

«Մենք խնդրել ենք, որպեսզի նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկում նշանակվի, եւ ոչ թե Սահմանադրական դատարանի նիստ», - ընդգծեց Սաֆարյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պարզաբանմամբ, իրենց նպատակն է, մասնավորապես, պարզել, Սահմանադրական դատարանի անդամների կարծիքով, նախաստորագրված արձանագրություններում կա՞ն արդյոք Հայաստանի կողմից ստանձնվող այնպիսի պարտավորություններ, որոնք հակասում են Սահմանադրությանը։

Սահմանադրական դատարան դիմելուց զատ, «Ժառանգությունը» հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հետ կապված մի շարք այլ քայլեր եւս ձեռնարկել է։ Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որը հոկտմբերի 1-ին խորհրդարանական լսումներ է նախաձեռնել, դիմել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին` խորհրդի նիստ հրավիրելու պահանջով, ումից դեռ պատասխան չի ստացել, դիմել է նաեւ կառավարությանը` հանրաքվե կազմակերպելու իրավասություններից օգտվելու առաջարկով։

Վերահաստատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հանրաքվե անցկացնելու «Ժառանգության» դիրքորոշումը՝ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ եթե նախագահը դա չանի եւ որոշումներ կայացնելիս հաշվի չառնի ժողովրդի կարծիքը, իրենք հանդես են գալու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով. - «Եթե Սերժ Սարգսյանը բավարարվի հիմք ընդունելով այս իմիտացիոն խորհրդակցությունները՝ ասուլիսների, կամ մարզահամալիրում հրավիրված այդ խորհրդակցությունների տեսքով, ապա, իհարկե, «Ժառանգության» պահանջը նույնպես լինելու է հրաժարականը»։

Սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կոնգրեսն իր ջանքերի առավելագույն մոբիլիզացման պարագայում անգամ չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը, եթե այլ քաղաքական ուժերը ոտքի չկանգնեն եւ Սարգսյանից հաշիվ չպահանջեն:

«Տվյալ պարագայում ես հակասություն չեմ տեսնում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի՝ տակավին վերջերս արած առաջարկների եւ բավականին երկար ժամանակ մեր հայտարարություններում հասունացող այս պահանջի միջեւ», - նշեց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, սակայն, որ, իր կարծիքով, մյուս քաղաքական ուժերը միավորվելու իրական ցանկություն չեն ցուցաբերում։

«Մենք թեկուզ վաղը կարող ենք ունենալ այն 3 բանագնացներին, ովքեր կքննարկեն երկու գործընկեր կուսակցությունների հետ համագործակցության նոր բանաձեւը։ Պետք է ուղղակի ափսոսանք հայտնել, որ չենք մեկտեղել մեր ջանքերը եւ տակավին շարունակում ենք շարժվել մեր սեփական քաղաքական օրակարգերով», - եզրակացրեց Սաֆարյանը։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւս լրագրողների հետ հանդիպմանը՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարել էր, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվի առանց փոփոխությունների, իրենց մոտ եւս կհասունանա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Հովհաննիսյանը, սակայն, բացառել էր Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցելու հնարավորությունը, ասելով, թե Դաշնակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը չի հասկանում, եւ որ այն իշխանությունների տեսակետից չի տարբերվում:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ որեւէ վտանգ չի տեսնում արտաքին քաղաքական հարցերում Սերժ Սարգսյանի ձեռնարկած քայլերում։

«Ասեմ, որ Հանրապետության նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ։ Ինքը այժմ ընտրված, լեգիտիմ նախագահ է, եւ չեմ կարծում, թե նույնիսկ եթե էլի մի քանի փոքրիկ քաղաքական ուժեր (որոնց անուններն էլ եմ դժվարանում ասել) նորից միանան, ինչ-որ բան կփոխվի», - հայտարարեց Զոհրաբյանը։
XS
SM
MD
LG