Մատչելիության հղումներ

Կցուցադրվեն վերջին տարիներին Հայաստանում նկարահանված ֆիլմերը


Հոկտեմբերի 1-ից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, մայրաքաղաք Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ցուցադրվելու են վերջին տարիներին նկարահանված հայկական գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերը, որոնց մեծ մասին հայ հանդիսատեսն առայժմ ծանոթ չէ:

Հայկական նոր ֆիլմերի շնորհանդեսներին կհաջորդեն դրանց տեւական ցուցադրությունները, որոնց տոմսերի գները, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հավաստմամբ՝ «բավական մատչելի են լինելու»:

Հայկական նոր ֆիլմերը ցուցադրվելու են նաեւ Հանրային եւ այլ հեռուսատաընկերությունների եթերում: Ակցիայի շրջանակներում կինոցուցադրումներ են կազմակերպվելու նաեւ մարզերում, Արցախում:

Հոկտեմբեի 1-ին ակցիան կմեկնարկի Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմի ցուցադրությամբ, որը մոսկովյան վերջին կինոֆորումում ընտրվել էր որպես փակման ֆիլմ:

«Բացման կամ փակման ֆիլմ ընտրվելը ցանկացած միջազգային ֆորումում բարձր գնահատական է», - հայտարարեց Գեւորգյանը:

Սուրեն Բաբայանը պատմեց, որ Մոսկվայում իր ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել ԱՊՀ-ի երկրների կինոֆորումի նախագահ, ադրբեջանցի հայտնի ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը:

«Զարմանո՞ւմ եք», - Բաբայանի փոխանցմամբ, ասել էր Իբրահիմբեկովը, - «որ ադրբեջանցին ներկայացնում է հային: Ոչ մի առանձնահատուկ բան չկա, որովհետու ես լավ ծանոթ եմ Սուրեն Բաբայանին եւ միշտ նրան շատ լավ եմ վերաբերվել»:

Բաբայանի խոսքով, ադրբեջանցի ռեժիսորը ֆիլմն իր հետ տարել է Բաքու. - «Հիմա այնտեղ կլինի ցուցադրում, թե չէ, ես չեմ կարող ասել»:
XS
SM
MD
LG