Մատչելիության հղումներ

Ըստ Արման Մուսինյանի` հայ - թուրքական խնդրում ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի նպատակները նույնը չեն


Հայաստան -- Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյան, արխիվ

Հայաստան -- Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյան, արխիվ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում վտանգավոր զարգացումները կանխելու շուրջ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) համագործակցությունը չի ստացվում, քանի որ մոտեցումները տարբեր են, իսկ գլխավոր անհամաձայնությունը, տվյալ դեպքում, վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Մուսինյանի փոխանցմամբ, ՀԱԿ-ը չի կարող համագործակցել Դաշնակցության հետ, քանի դեռ այդ քաղաքական ուժը կարծում է, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կարելի է կանխել առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը դնելու։

«Հայ ազգային կոնգրեսը միակ քաղաքական կազմակերպությունն է, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ գտնում է, որ եթե նրանք չհեռանան, անհնար է, որ այս խնդիրները բարենպաստ լուծում ստանան», - հայտարարեց Մուսինյանը։

Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակի փոխանցմամբ, այսպիսով պարզ է դառնում, որ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի նպատակները նույնը չեն, հետեւաբար՝ չկան համագործակցության եզրեր։

«Երբ որ նպատակը նույնը չէ, համագործակցությունը ինչի՞ շուրջ լինի», - հարցնում է Մուսինյանը։

Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չէր բացառել, որ ՀՅԴ-ն կարող է պահանջել նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն նշել էր, թե՝ «ամեն ինչ իր ժամանակն ունի»։

Այս առիթով Մուսինյանը նշեց, որ երբ ՀՅԴ-ն իսկապես դնի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը՝ «այն ժամանակ կունենանք մոտեցումների նույնություն»։

«Այդ դեպքում, կարծում եմ, ինչ-որ երկկողմ բաներ, միգուցե, լինեն», - եզրակացրեց Մուսինյանը։

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի խիստ քննադատության էր ենթարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները։ Օսկանյանը, մասնավորապես, հայտարարել էր, թե հայ-թուրքական հարաբերություններում բացասական գործընթացները կասեցնելու համար «ժողովրդական ալիք» կպահանջվի։ Այս առիթով Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն ասաց, թե Օսկանյանի խոսքերից կարելի է երկու հետեւություն անել. Օսկանյանը կամ պետք է ինքը սկսի այդ բողոքի ալիքը բարձրացնել, կամ՝ նախկին արտգործնախարարը պետք է համագործակցի քաղաքական ուժերի հետ։

«Վարդան Օսկանյանը պետք է քայլեր անի։ Պետք է նստացույց անի, հացադուլ անի, հանրահավաք անի, բողոքի ակցիա անի։ Եթե այդ քայլերը չեն լինում, դժվար է հավատալ, այդ մտքերի անկեղծությանը», - հայտարարեց Արման Մուսինյանը։
XS
SM
MD
LG