Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը ՍԴ-ին խնդրում է նախաստորագրված արձանագրությունների հարցով քննարկում կազմակերպել


«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսօր խմբակցության անունից պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին` նախաստորագրված հայ - թուրքական արձանագրությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով քննարկում կազմակերպելու պաշտոնանամակով:

Նամակում, մասնավորապես, նշված է, որ թեեւ Սահմանադրությամբ Ազգային ժողովը զրկված է մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը նրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունից, սակայն Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` «պատգամավորը իրավունք ունի հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը»:

«Ելնելով պատգամավորներին վերապահված վերոնշյալ իրավունքից` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների անունից դիմում եմ Ձեզ` խնդրելով ՍԴ-ի բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորներին», - գրում է Ստյոպա Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG