Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրին»


Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրով համագործակցության ձեւաչափը զգալի ներուժ է պարունակում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին: Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեկ ընդունելով Եվրահանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Գունար Վիգանդի գլխավորությամբ:

Նալբանդյանը նշել է, որ Եվրամիության հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից են, եւ Հայաստանը շահագրգռված է առավել զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Եվրամիության հետ:

Գունար Վիգանդը Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել նույն օրը Երեւանում կայացած Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի 10-րդ նիստի արդյունքները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները: Գունար Վիգանդը տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել նոյեմբերին ներկայացնելու Հայաստանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրամիության խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` հույս հայտնելով, որ այդ նախագիծը կնպաստի բարեփոխումների իրականացմանը օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերում:

Արտգործնախարարը ներկայացրել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG