Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 23-ի մամուլ


«Ազգ»-ը գրում է. - «Եթե «Ժառանգության» հետ պատահածին նայենք Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի` ժամանակավոր հանգստի կամ, որ միեւնույն է, սպասման համատեքստում, հասկանալի կլինի, որ սրանք փոխկապակցված են. ընդդիմությունը գնում է թոշակի, Րաֆֆին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր բարձրաձայնումների ֆոնին չէր կարող կոնգրեսականների ակոսում լինել, եւ ստացվում է, որ «Ժառանգությունն» էլ պետք է որոշեր իր անելիքը. կամ այլ` ինստիտուցիոնալ ընդդիմությունն ենք ունենում... ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքն էլ` հայ-թուրքական թեմայով, մի տեսակ կորցնում է իր ակտուալությունը` Նալբանդյանի եւ Սարգսյանի վերջին հայտարարությունների ֆոնին: Մինչեւ ուր կկոշտանան վերջիններս` կախված կլինի ոչ միայն թուրքական կամ ադրբեջանական կողմից, այլեւ միջազգային ատյաններից, Մինսկի խմբի համանախագահների, անգամ` համանախագահ երկրի նախագահների կեցվածքից»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մեր կարծիքով, կոնգրեսն ու նրա առաջնորդը հետ են մնացել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից, եւ նրանց թվում է, թե այսօր փողոցում 2008 թվականի գարունն է, երբ ցանկացած հանրահավաք կարող էր վերածվել բողոքի բուռն գործողությունների, ընդհարումների եւ այլն: Իրականում երկրի ներսում վիճակն այնքան կայուն է, իսկ նրա առջեւ կանգնած խնդիրներն՝ այնքան բարդ ու բազմաշերտ, որ բուն հարցը ոչ թե հանրահավաքների «վտանգի», այլ լուրջ քննարկումների անհրաժեշտության մեջ է։ Եվ այս տեսանկյունից ակնհայտ է դառնում, որ Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմը դեռեւս 2008-2009թթ. ընտրական ու հետընտրական գործընթացների տպավորության տակ են, ուստի ընդամենը մի ասելիք ունեն՝ «նախագահի հրաժարականը»։ Նախագահի հրաժարականի պահանջը ենթադրում է նրան փոխարինելու եւ նրա փոխարեն պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության առկայություն։ Իսկ ողջ հարցը հենց այն է, որ Տեր-Պետրոսյանը գործող նախագահի հրաժարականը պահանջելուն զուգընթաց, հրաժարվում է ոչ միայն քաղաքական անհնազանդության գործողություններից, այլեւ նրան փոխարինելու պատրաստակամությունից` նախապես հրաժարվելով մասնակցել նախագահական ընտրություններին»։

«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է Վարդան Օսկանյանի երեկվա ելույթին. - «Երեկ Վարդան Օսկանյանը ասել է, որ այս գործընթացը կանգնեցնելու համար ժողովրդական բողոքի ալիք պետք է լինի: Այ պարոն Օսկանյան ջան, բա մեկուկես տարի առաջ ժողովրդական բողոքի ալիք էր բարձրացել, ժողովուրդը բողոքի ալիք էր բարձրացրել ոչ պակաս կարեւոր խնդրի կապակցությամբ՝ կեղծվել էր իր ընտրությունը, տեր էր կանգնում իր ձայնին: Եվ ի՞նչ արեցին այդ բողոքի հետ «մեր իշխանությունները», եւ ո՞ւր էր այդ ժամանակ Վարդան Օսկանյանը: Ախր այդ Վարդան Օսկանյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ցուցարարները զինված են եղել, պետք էր կանխել, ամբոխ էր եւ նման բաներ: Եվ ինչպե՞ս է Վարդան Օսկանյանի լեզուն պտտվում՝ հիմա արտասանելու «ժողովրդի բողոքի ալիք» բառերը: Երեկ Օսկանյանը ասել է, որ այն պահին, երբ «երկրում ընդդիմությունը հազարավոր մարդկանցով ցույցեր է անում, պահանջներ դնում, երբ տնտեսությունը մոտ 20 տոկոս անկում ունի, երբ բանտերում դեռ կան ընդդիմության ներկայացուցիչներ, երբ հասարակությունը երկփեղկված է, բացարձակապես անպատեհ էր ձեռնամուխ լինել այդօրինակ լուրջ խնդրի կարգավորմանը, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունն է»: Ոսկյա խոսքեր, ոչ ոք ոչինչ չի կարող ժխտել: Բայց ախր հնարավոր չէ չասել՝ իսկ մի՞թե բանտերում չեն զինված ցուցարարները, որոնց մասին հեռուստաէկրաններից անցյալ տարի մարտի 1-ի խոսում էր Վարդան Օսկանյանը»:

«Չորրորդ իշխանություն»-ը իր խմբագրականում գրում է. - «Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը համարձակություն ունենա կես ճանապարհից հետ քաշվել եւ արդյունքում հրաժարական տա, դրանով հարցը չի փակվի: Ամբողջ խնդիրն այն է, թե ո՞ւմ պահանջով հրաժարական կտա Սերժ Սարգսյանը. «հայտնի ուժերի՞», թե՞ ժողովրդի: Տեր-Պետրոսյանը, ցավոք, հրաժարական տվեց «հայտնի ուժերի» պահանջով, եւ դրանից հետո Հայաստանում սանձազերծվեց քաղաքական տեռորը, տեղի ունեցավ հոկտեմբերի 27, ազգային հարստությունը կազմակերպված ձեւով փոշիացվեց եւ այլն: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ թիկունքում ժողովուրդ չունեցող «հայտնի ուժերը» իրենց առջեւ այլ խնդիր չէին էլ դրել»:

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն միտքը, թե Թուրքիան խաբել է Սերժ Սարգսյանին՝ խոստանալով, որ կբացի սահմանը, այնինչ իրականում առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման՝ երբեք նման բան չի անի»: Մելիքյանը արձագանքում է. - «Կարծում եմ, որ վտանգն ավելի մեծ է, եւ Սերժ Սարգսյանը մի գործընթաց է սկսել, որի ո'չ ընթացքը կարող է վերահսկել, ո'չ էլ արդյունքը կանխորոշել: Այսօր մենք այն վիճակում ենք, որ ո'չ կարող ենք ստորագրել այդ արձանագրությունները այս տարբերակով, ո'չ էլ կարող ենք վերադառնալ ելման կետ: Որովհետեւ երկու պարագայում էլ ստեղծվելու է մի նոր իրավիճակ, որում Հայաստանը կլինի կամ Ռուսաստանի պատանդը, կամ՝ թուրք-ամերիկյան դաշինքի: Պարզապես ստիպողներն են տարբեր լինելու. եթե ստորագրենք, դա կլինեն թուրքերն ու ամերիկացիները, եթե չստորագրենք՝ ռուսները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG