Մատչելիության հղումներ

Հայրենական արտադրողները մտահոգված են հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությամբ


Հայրենական ապրանքներ արտադրողների միության մշակած հայեցակարգը այս տարվա հոկտեմբերին քննարկման կներկայացվի Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական, բյուջետային հանձնաժողով: Ներկայացվելիք փաթեթը առաջարկում է մի շարք քայլեր ձեռնարկել` հայ-թուրքական սահմանի բացման պարագայում հայրենական արտադրողներին պաշտպանելու եւ նրանց մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Մենք պետք է լինենք ոչ միայն սպառող, այլեւ արտադրող եւ արտահանող երկիր: Սա պետք է լինի մեր հիմնական ռազմավարությունը», - ասում է Հայրենական ապրանքներ արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Սաֆարյանը ներկայացրեց իրենց առաջարկներից մի քանիսը. - «Վարկավորենք էժան եւ երկարատեւ վարկերով մեր տեղական արտադրությունը: Սա առաջին քայլերից մեկը պետք է լինի: Երկրորդը` մաքսային որոշակի արգելքներ պետք է դրվեն այն ապրանքների վրա, որոնք կարող են արտադրվել մեր երկրում եւ դրանց մուտքը պետք է հնարավորինս արգելափակել»:

Հայրենական ապրանքներ արտադրողների միությունն առաջարկում է վերանայել նաեւ Հայաստանում տարվող հարկային եւ սակագնային քաղաքականությունը:

«Երբ գազի սակագինը շատ բարձր է. գազը ստանում ենք 154 դոլարով, բայց բնակչությանը վաճառում ենք 266 դոլարով: Գազի սակագինը բարձրանում է, դրա հետ միասին նաեւ հոսանքի գինն է բարձրանում, ջրի գինն է բարձրանում: Այս ամենը հանգեցնում է նրան, որ տեղական ապրանքների մեջ ինքնարժեքը ստացվում է ավելի բարձր եւ մեր ապրանքները պակաս մրցունակ են դառնում ի տարբերություն այլ շուկաների», - ասում է Սաֆարյանը:

Եթե չփոխվի ներկայիս քաղաքականությունը, հայաստանյան շուկան կհեղեղեն թուրքական էժան ապրանքները եւ տեղական արտադրողը կկործանվի, կարծում է Հայրենական ապրանքներ արտադրողների միության նախագահը:

«Մի կողմից մեր սպառողի համար շահեկան է էժան ապրանքներ ձեռք բերել, բայց մյուս կողմից, մենք դրանով մեր տեղական արտադրողին դատապարտելու ենք պարապուրդի կամ իր արտադրության կասեցմանը: Դրա համար պետք է կարողանալ պետության աջակցությամբ գտնել պայմաններ եւ տեղական արտադրությունը զարգացնել», - ասում է Հայրենական ապրանքներ արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ի տարբերություն Սաֆարյանի` Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը համոզված է, որ սահմանի բացումը չի կարող որեւէ կերպ վնասել հայրենական արտադրողին, քանի որ այսօր հայրենական արտադրողը մրցունակ է եւ դուրս է գալիս դրսի շուկաներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ղազարյանը հայտնեց իր անհամաձայնությունը Հայրենական ապրանքներ արտադրողների միության ներկայացրած հայեցակարգի հետ: Արսեն Ղազարյանը, մասնավորապես, մատնանշեց, որ որպես Առեւտրի միջազգային կազմակերպության անդամ երկիր Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել` հարկային եւ մաքսային սահմանափակումների առումով:

«Երբ անդամակցել ենք, Թուրքիան հատուկ կարծիք է ստորագրել` պահպանելով իր էմբարգոյի դիրքը հայկական ապրանքների հանդեպ: Եթե թուրքերը էմբարգոն հանում են, ապա մենք նույնպես պետք է հավասարարժեք շուկա տրամադրենք նրանց: Այստեղ մենք արտոնություններով հարց չենք լուծի: Իսկ եթե իրենք խտրականություն կանեն մեր արտահանման դեպքում, բնականաբար, հայելային կերպով Հայաստանը նույնպես այդ քայլը կանի սեփական շահերը պաշտպանելու համար», - պարզաբանեց Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG