Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն. «Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանին»


Հիլարի Քլինթոնը հանդիպում է Միխեիլ Սահակաշվիլիի հետ, Նյու Յորք, 21 սեպտեմբերի, 2009

Հիլարի Քլինթոնը հանդիպում է Միխեիլ Սահակաշվիլիի հետ, Նյու Յորք, 21 սեպտեմբերի, 2009

Միացյալ Նահանգները կշարունակի անել ամեն հնարավորը, որպեսզի միջազգային հանրությունը չճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այդ մասին, պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի օրը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

«Հիլարի Քլինթոնը ընդգծել է Միացյալ Նահանգների հետեւողական եւ վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը», - հանդիպումից հետո հայտարարել է պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը եւ հավելել. - «Պետքարտուղարը հստակ ասաց, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում եւ չի պատրաստվում ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան»:

«Չնայած Ռուսաստանի ճնշումներին` միջազգային հանրության 99 տոկոսը չի ճանաչել Վրաստանից անջատված այդ շրջանների անկախությունը, եւ Վաշինգտոնը կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ այս ուղղությամբ», - ըստ Ֆիլիպ Գորդոնի` հավաստիացրել է պետքարտուղարը:

«Մենք աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանը կատարի 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրի բոլոր դրույթները, եւ Վրաստանը կրկին միավորվի», - հայտարարել է փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը եւ միաժամանակ ընդգծել, որ պաշտոնական Վաշինգտոնը պաշտպանում է խնդրի խաղաղ կարգավորման տարբերակը. - «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման արագ կամ ռազմական լուծում գոյություն չունի, եւ ռազմավարական սխալ կլիներ փնտրել այդպիսին: Նպատակին հասնելու լավագույն միջոցը համբերությունն է. Վրաստանը պետք է դառնա ժողովրդավարական, գրավիչ երկիր եւ դրանով ձգի աբխազներին եւ օսերին: Կարծում ենք` վրացիները հասկանում են սա»:

Հանդիպման ժամանակ պետքարտուղարը նաեւ հորդորել է Վրաստանի իշխանություններին շարունակել բարեփոխումները ժողովրդավարության եւ օրենքի իշխանություն հաստատելու ուղղությամբ: «Մենք գիտենք, որ այդ ջանքերն ու այն փոփոխությունները, որոնք դուք եք ուզում արձանագրել, մի շարք մարտահրավերներ են պարունակում, սակայն մենք քաջալերում եւ սատարում ենք ձեզ այդ ճանապարհին», - հայտարարել է Հիլարի Քլինթոնը եւ ընդգծել. - «Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանին, եւ մենք ուզում ենք եւս մեկ անգամ այսօր այստեղ հնչեցնել այդ հստակ եւ աներկբա հաստատակամությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG