Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ազգային փոքրամասնությունները ինտեգրման հետ կապված խնդիրներ ունեն


Հայաստանի բնակչության ավելի քան 2 տոկոսը՝ ընդհանուր առմամբ մոտ 70 հազար մարդ, կազմում են ազգային փոքրամասնությունները:

Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքները իրենց հասարակական կազմակերպություններով ներկայացված են նախագահին կից խորհրդատվական կենտրոնում: Սակայն, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի վկայությամբ, կան նաեւ չգրանցված ազգություններ:

«Ներկայացված են որպես հասարակական կազմակերպություն 11-ը, ցավոք: Կա'մ նրանք քիչ են կազմակերպված, կա'մ հույս չունեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ազգագրագետը` հավելելով. - «200-ի չափ ուդիներ կան Ադրբեջանից Հայաստանում` Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, կովկասյան Աղվանքի ժողովուրդ են: Հիմա ասենք` չկա՞ն իրենք»:

Հայաստանում կան նաեւ 300-ից ավելի աբխազներ, 400-ից ավելի բուլղարներ, որոնք որպես հասարակական կազմակերպություն գրանցված չեն, բայց բավական լավ համագործակցում են միմյանց հետ ու կարելի է համայնք համարել, ասում է Հրանուշ Խառատյանը: Բայց մոտ 100 լեհերը, ավելի պակաս գերմանացիները կամ հրեաները ներկայացված են որպես գրանցված համայնք ու հետեւաբար` նաեւ ազգային փոքրամասնություն:

Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության խնդիր չկա ո'չ պաշտոնական եւ ո'չ էլ հասարակական մակարդակներում: Բայց, ինչպես ընդգծեց ազգագրագետը, խնդիրներ կան, մասնավորապես. - «Ազգային փոքրամասնությունների զգալի մասը` փոքրամասնությունների ոչ թե բացարձակ թիվը, այլ բազմազան խմբերը, հայերեն չեն խոսում, եւ նրանց երեխաները նույնպես մեծ չափով հայերեն չեն խոսում: Դա ինտեգրման խնդիր է: Այս ուղղությամբ քաղաքական ծրագիր չկա: Մի քանի անգամ հարցը բարձրացավ, բայց այդպես էլ այդ խնդիրը լուծում չստացավ»:

Ըստ ազգագրագետի, նրանք մի քանի անգամ խնդրել են, որպեսզի իրենց համար կազմակերպվի հայերեն լեզվի ուսուցման դասընթացներ, սակայն դա այդպես էլ պետության կողմից չիրականացվեց, ինչը դժվարացնում է նրանց ինտեգրումը հասարակության մեջ. - «Այդպես էլ, օրինակ, հայկական պետական կյանքին կամ ակտիվ հասարակական կյանքին դժվար կարող են ինտեգրվել գրագետ հայերենի պակասի պատճառով: Երբեմն բուհ չեն կարող հայերեն լեզվով ընդունվել»:
XS
SM
MD
LG