Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 22-ի մամուլ


Անդրադառնալով անկախության թեմային` «Հրապարակ»-ը գրում է. - «Մարդիկ ավելի շատ են սկսել իրար շնորհավորել անկախության տոնի առիթով, քան սրանից մեկ, երկու, հինգ տարի առաջ: Եվ դա շատ ուրախալի է: Գուցե սառույցը ճաք է տվել, եւ, այնուամենայնիվ, նոր սերունդը սկսել է գնահատել անկախություն կոչվող արժեքը: Գուցե անցյալի նկատմամբ նոստալգիկ հիշողություններ ունեցողների քանակն է պակասել: Իսկ գուցե պարզապես մարդիկ սկսել են հասկանալ, որ վատ են ապրում ոչ այն պատճառով, որ երկիրն անկախացել է, հակառակը` անկախության պայմաններում լավ ապրելու հեռանկարն ավելի իրական է, հույսերը` ավելի իրատեսական: Վերջապես` ինչ մեղք ունի անկախությունը, եթե մենք ապաշնորհ ենք, ծույլ, անհաշտ, անհանդուրժող ու չար»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Տարեգիր»-ին ասել է. - «Ամեն տարի, Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից կազմակերպվում էր ընդունելություն: Դուք գիտեք` դա ավանդական ընդունելություն էր, որի ժամանակ հավաքվում էին այն մարդիկ, որոնք եղել են Անկախության հիմնադրման ակունքներում, եւ դուք գիտեք, թե որքան լավ էին անցնում այդ ընդունելությունները: Այս անգամ, չգիտես ինչու` իշխանությունների ճնշման տակ այնպես է արվել, որեւէ հյուրանոց կամ բիզնես-կենտրոն հրաժարվել է տրամադրել դահլիճ: Այսինքն` ասել են, որ 150 հոգուց ավելի մարդ չպետք է լինի: Եվ մենք որոշեցինք հավաքվել Սարյանի արձանին հարող պուրակի մոտ»:

«Իրավունքը de facto»-ին հարցազրույց է տվել Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը Դաշնակցության ակցիաների վերաբերյալ ասում է. - «Եթե նրանք պահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք գուցե միանայինք նրանց կամ նրանք` մեզ: Բայց եթե հացադուլ են անում ու պահանջում արտգործնախարարի հրաժարականը, թող բացեն Սահմանադրությունը, կարդան, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը վարում է ՀՀ նախագահը: Արտգործնախարարն ընդամենը գործիք է, որի միջոցով ՀՀ նախագահն արտաքին քաղաքականություն է իրականացնում: Իրենք այս մասին չգիտե՞ն: Հիսուն հոգով Նալբանդյանի հրաժարական գոռալը հարի՞ր է Դաշնակցությանը»:

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 28-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում լսվելու է Հայաստանի հարցը: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, ինչպես թերթին փոխանցել է Արմեն Ռուստամյանը, հայաստանյան պատվիրակությունը պետք է ներկայացնի այս ընթացքում կատարվածը, նաեւ` Նիկոյանի հանձնաժողովի զեկույցը, եւ պետք է քննարկվի` բավարա՞ր է այն, թե` ոչ: «Ըստ Ռուստամյանի, Մոնիտորինգի հանձնաժողովը կարող է որոշում ընդունել` ԵԽԽՎ-ի պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ հայտարարություն անե՞լ, թե` չանել, զեկույց պատրաստե՞լ, թե` չպատրաստել, լրացուցիչ զեկուցող ուղարկե՞լ Հայաստան, թե` ոչ: Այսինքն` տարբեր լուծումներ կարող են լինել», - փոխանցում է թերթը: Արմեն Ռուստամյանը թերթին ասել է նաեւ, որ մինչեւ տարեվերջ սպասվում են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ինչպես նաեւ Հայաստանի հարցով համազեկուցողների այցերը Հայաստան:

Lragir.am-ը, անդրադառնալով ուրբաթօրյա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը որոշ հարցերի պատասխան իսկապես պարունակում էր, բայց ամենակարեւոր հարցի պատասխանը թերեւս մնաց օդում` ինչ է պատրաստվում անել կոնգրեսը հանրային տրամադրություններն արթնացնելու, եւ այդ միջոցով իշխանության որոշումների վրա ազդելու համար: «Տեսաք, որ ասում էինք», կարծես թե հասարակությանն ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, շարունակելով, որ նույնն է լինելու Ղարաբաղի դեպքում: Այո, կոնգրեսն ասում էր, բայց դրանից ինչ: Չէ որ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժի խնդիրն այն չէ, որ ասի ու հետո էլ ասի, թե տեսա՞ք, որ ասում էինք: Չէ որ հիմնական քաղաքական ուժի խնդիրն է կանխել այն ամենը, ինչի մասին ահազանգում է: Ահա այստեղ է, որ կոնգրեսի գործունեությունը տալիս է արդյունավետության հարցում կասկածների տեղիք: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ կոնգրեսը միայնակ ունակ չէ իշխանափոխության հարցը լուծել: Բայց դա առավելագույն խնդիրն է, մինչդեռ մինչեւ իշխանափոխության հարց լուծելը, կոնգրեսը թերեւս ունի լուծելու այլ, գուցե իշխանափոխությունից էլ կարեւոր հարց` հանրային տրամադրություն ձեւավորել եւ արտահայտել այդ տրամադրությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG