Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց իր անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Առավոտյան երկրի ղեկավարությունը այցելեց զոհված ազատամարտիկների «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին, ինչից հետո Երեւանում կայացան տոնական միջոցառումներ:

Եռաբլուրում բարձրաստիճան այրերը, նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի եւ Զորավար
Հայաստանի ղեկավարները, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Եռաբլուրում ծաղիկներ են դնում Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հուշարձանին, 21 սեպտեմբերի, 2009
Անդրանիկի շիրիմներին, Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է անկախության 18 տարիների ընթացքում Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը եւ ամենամեծ բացթողումը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց. - «Ամենամեծ ձեռքբերումը այն է, որ մենք 18 տարի ապրում ենք մեր ինքնուրույն կյանքով, ունենք անկախ պետականություն եւ ձեւավորում ենք բոլոր ինստիտուտները, որ բնորոշ են անկախ պետությանը, քայլ առ քայլ փորձում ենք ամրապնդել մեր պետությունը, իսկ ամենացավոտ խնդիրները դա, իհարկե, մարդկային կորուստներն են, որ մենք ունեցանք ե'ւ Ղարաբաղյան պատերազմում, ե'ւ Ղարաբաղյան պատերազմից հետո: Այսինքն՝ մենք բավական թանկ գին ենք վճարում անկախության համար»:

«Միշտ էլ կարելի է քննադատաբար վերլուծել անցած ուղին, բացահայտել այն խնդիրները, որ կարելի էր ավելի արդյունավետ լուծել, բայց ունենք այն, ինչ որ ունենք», - եզրափակեց Հայաստանի վարչապետը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, յուրաքանչյուրը պետք է իր հնարավորությունները ներդնի անկախության 18 տարիներին ձեռք բերածը պահպանելու համար. - «Առաջին հերթին, իհարկե՝ այն մարդիկ, ովքեր որ պաշտոնյա են, իշխանությունում են: Եվ պետք է աջակցենք մեր հանրապետության նախագահին, իշխանություններին՝ մեր անկախությունը պաշտպանելու եւ մեր երկիրը զարգացնելու համար: Կարծում եմ, որպեսզի նոր սերունդը գնահատի անկախությունը, մենք էլի պետք է աշխատենք: Մեր նոր սերունդը այսօր հասկանում եւ գնահատում է եւ, անհրաժեշտության դեպքում, նրանք ավելի նվիրված են լինելու մեր հայրենիքին»:

Անկախության տոնի առթիվ երկուշաբթի երեկոյան կազմակերպված ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով` մասնավորապես, ասելով. - «Սա տոն է, որի փափագն ու զգացողությունը իրենց հոգում կրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները։ 18 տարի առաջ այս օրը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ միլիոնավոր ձեռքեր ուղղվեցին
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Անկախության տոնին նվիրված ընդունելությանը, Երեւան, 21 սեպտեմբերի, 2009
դեպի քվեատուփերը` «Այո» ասելու համար։ Հետո այդ նույն ձեռքերը բռնեցին միմյանց, եւ ձեռք ձեռքի տված մենք անցանք մեծ ու փոքր փորձությունների միջով, դիմագրավեցինք եւ շարունակում ենք դիմագրավել մեծ ու փոքր մարտահրավերների։ Բայց ամենակարեւոր ընտրությունն արդեն արված է։ Անկախությունն այլեւս մեր բախտն է ու ճակատագիրը, մեր բեռն է ու պատասխանատվությունը, մեր զենքն է ու գործիքը, մեր ուժն է եւ իրավունքը` այսուհետ անշրջելի եւ հավերժական»:

«Ի՞նչ է ասում միջազգային քաղաքական ասպարեզ վերադարձած Հայաստանը աշխարհին։ Պարզ ու հասկանալի բաներ. խաղաղություն, կայունություն, բարիդրացիական հարաբերություններ, տնտեսական եւ այլ կարգի բազմակողմանի համագործակցություն բոլոր ուղղություններով։ Մենք բավարար համբերություն եւ իմաստնություն ենք ունեցել դա ասելու նույնիսկ նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձում էին եւ հիմա էլ փորձում են մեր առաջընթացը կասեցնել ամեն տեսակ շրջափակումներով եւ հայատյաց քարոզչությամբ։

Ի՞նչ է ասում ցեղասպանության դժոխքից հարություն առած Հայաստանն իր աշխարհասփյուռ զավակներին։ Պարզ ու հասկանալի բաներ. միասնություն, հավաքական կամք ու ջանք, հայության շահերն ու նպատակները պետականորեն հետապնդելու եւ պաշտպանելու վճռականություն, համայն հայության հայրենիքի նկատմամբ որդիական սեր ու նվիրում, մեր երազած Հայաստանը համատեղ ճիգերով բարձրացնելու երջանիկ հնարավորություն։ Եվ ասում է. ՙԲարի վերադարձ հայրենի տուն՚։

Ի՞նչ է ասում ամենատարբեր բռնապետությունների, խալիֆայությունների ու կայսրությունների ճիրաններից փրկված Հայաստանն իր բազմազգ քաղաքացիներին։ Պարզ ու հասկանալի բաներ. ազատություն, ժողովրդավարություն, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, եվրոպական արժեքային համակարգ։

Նաեւ ասում է, որ տնտեսական եւ այլ կարգի ճգնաժամերը ժամանակավոր են, իսկ հայրենիքը` հարատեւ։ Հայաստանի աշխատունակ եւ աշխատասեր քաղաքացիները կարող են եւ հաղթահարելու են մեր ճանապարհին հայտնված նաեւ այս խոչընդոտները։ Երախտագիտությամբ ընդունելով հանդերձ այն աջակցությունը, որ այսօր ցուցաբերվում է Հայաստանին, մեր դարավոր փորձը հուշում է, որ սեփական աշխատանքն է ամենայն բարիքի հիմքը։

Ի՞նչ է ասում Հայաստանն իրեն պատերազմով սպառնացողներին։ Պարզ ու հասկանալի բաներ. մենք սրեր ենք խաչել այնպիսի մեծ ու հզոր ազգերի հետ, որոնք ժամանակին աշխարհի բախտն են որոշել, բայց այսօր հիշատակվում են միայն պատմության դասագրքերում։ Եվ ասում է. - «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք հաղթելու»` միաժամանակ մատնացույց անելով Արցախի խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունը։

Այլեւս կայացած, ամրացած ու առնականացած հայոց պետությունը իրողություն է»։

Անկախության տոնի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը:

Հայտարարությունում, որը տրամադրել են կոնգրեսի գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության, նրա դարավոր պայքարի հաղթական գագաթնակետն է առանց չափազանցության, բազմաթիվ սերունդների ամենահեռավոր ու ամենալուսավոր երազանքի իրականացումը։ Դա հնարավոր եղավ 1988-ից ծայր առած աննախադեպ համաժողովրդական, ժողովրդավարական շարժման շնորհիվ, ինչը, ի թիվս այլ արդյունքների, հիմնովին շրջեց ավանդական պատկերացումներն ու թյուր արժեքային համակարգը»։

«Նորանկախ Հայաստանը առաջին իսկ տարիներին փայլուն հանձնեց դժվարին քննություններ, դիմագրավեց անհաղթահարելի թվացող մարտահրավերներ։ Մի կողմից՝ հնարավոր եղավ երկրում իրականացնել ամենաարմատական համակարգային եւ ժողովրդավարական վերափոխումներ՝ միջազգային ասպարեզում արժանիորեն ձեռք բերելով տերածաշրջանի «ժողովրդավարական կղզյակի» համարում, մյուս կողմից՝ տանել փայլուն հաղթանակներ եւ կորստյան եզրից փրկել Լեռնային Ղարաբաղի հայությանը»։

«Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ վերջին 10 տարում Հայաստանը ոչ միայն շեղվել է անկախ ու ժողովրդավարական պետության զարգացման բնականոն ճանապարհից, այլեւ վերածվել է ապօրինի ու ավազակաբարո իշխանությամբ մի հակապետության՝ կործանարար ողջ ժողովրդի ճակատագրի համար։ Մենք շարունակելու ենք պայքարը ազգակործան այս ընթացքի դեմ մինչեւ վերջ, մինչեւ Հայաստանը դարձնենք նրա յուրաքանչյուր քաղաքացու երազած երկիրը։ Եվ թող 1991-ի սեպտեմբերի 21-ի ոգին լինի մեզ ապավեն»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի անդամները երկուշաբթի օրը ստիպված են եղել հավաքվել բաց երկնքի տակ՝ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, նշելու Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձը, որովհետեւ, ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն են ասում, իշխանությունները խոչընդոտել են իրենց բոլոր փորձերը՝ վարձակել որեւէ դահլիճ:

Երեկոյան Երեւանում հորդառատ անձրեւ էր, եւ Սարյանի արձանի մոտ կարճ հավաքից հետո մասնակիցները` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի Կոնգրեսի գրասենյակ, որտեղ էլ տեղի ունեցավ Անկախության տոնին նվիրված հյուրասիրություն:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Անկախությանը կողմ էր արտահայտվել հանրաքվեի մասնակիցների շուրջ 94 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG