Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, փոխվել են «անկախ երկիր ունենալու զգացողությունները»


1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի արդյունքները Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում հրապարակած Արամ Մանուկյանի համոզմամբ, այն տարիների համեմատությամբ փոխվել են «անկախ երկիր ունենալու զգացողությունները»:

«Այն ժամանակ ավելի ոգեւորված էինք, ավելի ռոմանտիկ, ավելի երազային, ավելի հույսով լեցուն, հիմա քիչ բան է մնացել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում երկուշաբթի օրը ասաց Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) մաս կազմող Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ղեկավար անդամ Արամ Մանուկյանը՝ փաստարկելով. - «Գոնե վերջին տարիները Հայաստանում խոսքի ազատության ճնշման տարիներ են եղել, քաղբանտարկյալների տարիներ են եղել, սեփական հզորությունները մսխելու տարիներ են եղել, արտաքին դիվանագիտության ձախողման տարիներ են եղել: Մի պարզ, էլեմենտար, ծիծաղելի պատճառով՝ իշխանություն պահելու պատճառով են եղել այս բոլոր ձախողումները»:

Այդուհանդերձ, Մանուկյանը համոզված է, որ «սեպտեմբեր 21-ը պետք է լինի հայ ժողովրդի թիվ 1 տոնը». - «Նույնիսկ հասել է այն վիճակին, որ շատ մարդկանց մոտ երկրի անհաջողությունները կապվում են անկախության հետ: Տարօրինակ մի դրսեւորում՝ անկախությունը դարձրել են այնպիսի մի «բոբո», որ դրա պատճառով է, որ մարդու իրավունքներ չեն պաշտպանվում, մարդիկ դատարաններում, բերդերում են հայտնվում, սոցիալական խնդիրները չեն լուծվում, երկիրը չի զարգանում... Եվ որեւէ մեկը չկա, որ սրա դեմը առնի... Սեպտեմբեր 21-ը պետք է լինի հայ ժողովրդի թիվ մեկ տոնը»:

Հայ ազգային կոնգրեսը Անկախության տոնը նշելու է զանգվածային միջոցառմամբ՝ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG