Մատչելիության հղումներ

Նախապայմանները, որոնց Հայաստանը դիմակայել է եւ որոնք մերժել է 18 տարի շարունակ, այսօր արդեն մտել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների մեջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, ով անցած շաբաթավերջին Քաշաթաղի Հակ գյուղում ներկա էր Սբ. Մինաս եկեղեցու վերաօծման արարողությանը, լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. - «Մենք բացում ենք խնդրո առարկա արձանագրությունները եւ տեսնում ենք, որ Հայոց հանրապետությունը «դե յուրե» ճանաչում է այն սահմանը, որը «դե ֆակտո» գոյություն ունի այս երկու երկրների միջեւ: Մեր «դե յուրե» սահմանները գծվել են 1920 թվականի նոյեմբերին Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, որը միջազգային հանրության հրավերի համապատասխան արձակվել է ամերիկյան նախագահի կնիքի ներքո: Ներկա փաստաթուղթը մեր իսկ ձեռամբ վավերացնում է մեր Հայրենազրկումը, ի չիք է դարձնում ազգային օջախ ունենալու, հայրենիք վերադառնալու մեր իրավունքն անգամ: Էլ չենք խոսում այն դրույթի մասին, համաձայն որի` պատմական հարցերը պետք է լուծվեն ենթահանձնաժողովով, որտեղ իհարկե Ցեղասպանություն եզրը չկա: Սակայնեւայնպես, հավատացած եղեք, որ սա արգելակելու է Հայրենասպանությունը ճանաչելու ու հատուցելու` ողջ աշխարհի ջանքերը»:

«Թուրքերը 1993-ին միակողմանիորեն Հայաստանը ենթարկեցին ապօրինի շրջափակման: Եվ հիմա այն հանելու դիմաց տեսեք, թե ինչի են ուզում հասնել. բոլոր նախապայմանները, որ 18 տարի առաջ պնդում էին, առկա են սույն արձանագրության մեջ, նույնիսկ` ահաբեկչության դատապարտումը: Իսկ ո՞ւր է Ցեղասպանության թեկուզ ընդհանրական դատապարտումը: Այդ մասին ոչ մի բառ: Ուստի անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն իր ամբողջության մեջ տեր կանգնի մեր իրավունքին, որովհետեւ այսօր Թուրքիա - Հայաստան արձանագրությունները բացասական լույսով աղերսվում են նաեւ ա'յս հողին, ազատագրված ա'յս օրրանին, Արցախ աշխարհի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը: Այո, այնտեղ գրված չէ Արցախ անվանումը, բայց երկու օր առաջ Թուրքիայի արտգործնախարարը, ով ճարտարապետն է այս գործընթացի, միացավ իր վարչապետին` ասելով, որ չի լինելու որեւէ սահմանի բացում, քանի դեռ «բռնազավթված տարածքները» չեն վերադարձվել Ադրբեջանին: Նրանք են մեր հայրենիքը բռնազավթել, իսկ ահավասիկ նրանք են հիմա փաստորեն հավելել ու կապակցել ղարաբաղյան նախապայմանը», - հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշելով, որ Ազգային ժողովը առաջիկայում քննարկելու է նախաստորագրված արձանագրությունները, նա ընդգծել է. - «Խորհրդարան, որի քաղաքական եւ իրավական լեգիտիմությունը խիստ թեական է, եւ դրա համար կան բավականաչափ ապացույցներ: Մարտի 1-ի հետքերով «քաղաքական բանտարկյալ» սահմանումը շրջանառության մեջ մտավ հենց խորհրդարանի մեղսակցությամբ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը անգամ օրակարգ չմտցրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախագիծը` նրա սահմանադրական սահմաններով: Հիմա ինքն այս կարգավիճակով պետք է քննի մեր իրավատիրության ու արժանապատվության, մեր ժառանգության ու ապագայի ամենակարեւոր հարցը»:

«Անհրաժեշտ է, որ զարթնենք մեզ պարտադրված այս թմբիրից եւ միահամուռ կերպով` չխնայելով ոչ մի ջանք, փորձենք Թուրքիա - Հայաստան հարաբերությունները կերտել առանց նախապայմանների: Սոսկ նախապայմաններից զերծ հարաբերություններով, նոտաների փոխանակմամբ եւ միջազգային իրավունքի ընդհանրական սկզբունքների հղմամբ մենք կկարողանանք սկիզբ դնել այն հարաբերություններին, որոնք ժամանակի ընթացքում լուծում կտան թե' Հայաստանի սահմանային հարցերին, թե' հայրենիք վերադառնալու, մեր պատմական ու մշակութային ժառանգությունը վերականգնելու իրավունքներին եւ թե' ընդհանրապես Մեծ եղեռնի ու Հայրենազրկման ողբերգության հետեւանքները վերասրբագրելուն», - հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող գործընթացներին` կուսակցության հիմնադիրը, մասնավորապես, ասել է. - «Այն ուշադրությունը, որին վերջին շրջանում արժանացել է «Ժառանգություն»-ը, փաստում է, որ ինքը մեր քաղաքական դաշտում առանցքային ուժերից մեկն է: Ասել եմ եւ կրկնում եմ` «Ժառանգություն»-ը մի հոգու կուսակցություն չէ, ինչով եւ տարբերվում է շատ ու շատ կուսակցություններից: Հետեւաբար, այստեղ պատասխանատվությունը ոչ միայն իմն է: Իհարկե, որպես կուսակցության հիմնադիր, ես նույնպես ունեմ մեղքի իմ բաժինը, բայց այսօր հավաքական պատասխանատվության կամ, ավելի շուտ` ինչպես ես եմ տեսնում, հավաքական անպատասխանատվության խնդիր է դրված: Ինձ համար անընդունելի է ստեղծված այն իրավիճակը, որ մարդիկ, ովքեր պայքարել են հանուն հայրենակիցների քաղաքացիական իրավունքների, Արցախի ճանաչման, Ցեղասպանության եւ Հայրենասպանության միջազգային ճանաչման, այսօր հանդես են գալիս հայկական քաղաքական միջավայրին վաղուց ընտել կամ մանր անձնական շահախնդրություններին բնորոշ ամենատարբեր մեկնություններով»:

«Ես կարծում եմ, որ «Ժառանգություն»-ը` որպես առաջատար ուժերից մեկը, կգտնի այս իրավիճակը հարթելու ձեւը: Բայց եթե մինչեւ այս ամսվա վերջը դա չանի, ես ինքս կլուծեմ խնդիրը, որովհետեւ այդ արժեքը, որի անունը «Ժառանգություն» է, ոչ միայն մերան է, ոչ միայն ազատ քաղաքացիների ամբիոն է, այլեւ ձգողականության այն կենտրոնն է, որտեղ մենք պատրաստ ենք ընդգրկել ամենալայն զանգվածներին, ում համար թանկ են Հայաստանի եւ հայ մարդու իրավունքները, ներկա եւ գալիք սերունդների արժանապատիվ կյանքը», - հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG