Մատչելիության հղումներ

Երեւանում կմեկնարկի «Վերադարձի փառատոնը»


Երեքշաբթի օրը Երեւանում կմեկնարկի արդեն ավանդական դարձած երաժշտական «Վերադարձի փառատոնը» որը նախաձեռնել են եւ այս էլ երրորդ անգամ կազմակերպում են Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը:

Նրանք մեկ այլ ավանդական փառատոնի` ամեն տարի գարնանը սկսվող եւ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի ունեցող փառատոնի հիմնադիրներն են նաեւ:

Երեքշաբթի երեկոյան Կամերային երաժշտության տանը բացվող դասական երաժշտության «Վերադարձի փառատոնի» նպատակն է ինչպես ամեն տարի, այս տարի եւս հասարակությանը ներկայացնել այն տաղանդաշատ երաժիշտներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով այսօր ապրում եւ աշխատում են արտասահմանյան երկրներում, հնարավորություն տալ նրանց` հանդես գալ իրենց հայրենիքում:

Ինչպես ներկայացնում են փառատոնի հիմնադիրները, այս տարի փառատոնը կազմված է 6 համերգաշարից:

«Շատ հետաքրքիր են բոլորը, եւ առաջին մեր համերգը, բացումը անվանվել է Viva Barocco: Դա շատ հետաքրքիր բացում կլինի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Մեր հյուրերն են արդեն աշխարհահռչակ երգչուհի, մեցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը [Շվեյցարիայից] եւ դաշնակահար, կլավեսինահար եւ երգեհոնահար Միքայել Բալյանը` Գերմանիայից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մարիամ Շահինյանը:

Իսկ թե այս տարի ինչ առանձնահատկություններով է աչքի ընկնելու «Վերադարձի փառատոնը», ապա, Մարիամ Շահինյանի խոսքերով, «մեր երաժիշտները, բնականաբար, գտնվելով արտասահմանյան երկրներում, արարում են այլ ազգի երաժիշտների, անվանի երաժիշտների հետ, եւ այս տարի, ընդլայնելով մեր «Վերադարձի» շրջանակները, մենք կունենանք հյուրեր` այլ ազգերի ներկայացուցիչներ, երաժիշտներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG