Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է իր անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Առավոտյան երկրի ղեկավարությունը այցելել է զոհված ազատամարտիկների «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին, ինչից հետո Երեւանում նախատեսված են տոնական միջոցառումներ:

Եռաբլուրում բարձրաստիճան այրերը, նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի շիրիմներին, Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է անկախության 18 տարիների ընթացքում Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը եւ ամենամեծ բացթողումը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց. - «Ամենամեծ ձեռքբերումը այն է, որ մենք 18 տարի ապրում ենք մեր ինքնուրույն կյանքով, ունենք անկախ պետականություն եւ ձեւավորում ենք բոլոր ինստիտուտները, որ բնորոշ են անկախ պետությանը, քայլ առ քայլ փորձում ենք ամրապնդել մեր պետությունը, իսկ ամենացավոտ խնդիրները դա, իհարկե, մարդկային կորուստներն են, որ մենք ունեցանք ե'ւ Ղարաբաղյան պատերազմում, ե'ւ Ղարաբաղյան պատերազմից հետո: Այսինքն՝ մենք բավական թանկ գին ենք վճարում անկախության համար»:

«Միշտ էլ կարելի է քննադատաբար վերլուծել անցած ուղին, բացահայտել այն խնդիրները, որ կարելի էր ավելի արդյունավետ լուծել, բայց ունենք այն, ինչ որ ունենք», - եզրափակեց Հայաստանի վարչապետը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, յուրաքանչյուրը պետք է իր հնարավորությունները ներդնի անկախության 18 տարիներին ձեռք բերածը պահպանելու համար. - «Առաջին հերթին, իհարկե՝ այն մարդիկ, ովքեր որ պաշտոնյան են, իշխանությունում են: Եվ պետք է աջակցենք մեր Հանրապետության նախագահին, իշխանություններին՝ մեր անկախությունը պաշտպանելու եւ մեր երկիրը զարգացնելու համար: Կարծում եմ, որպեսզի նոր սերունդը գնահատի անկախությունը, մենք էլի պետք է աշխատենք: Մեր նոր սերունդը այսօր հասկանում եւ գնահատում է եւ, անհրաժեշտության դեպքում, նրանք ավելի նվիրված են լինելու մեր հայրենիքին»:

Հայաստանի ղեկավարները, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Եռաբլուրում ծաղիկներ են դնում Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հուշարձանին: 21-ը սեպտեմբերի 2009թ.:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Անկախությանը կողմ էր արտահայտվել հանրաքվեի մասնակիցների շուրջ 94 տոկոսը:

Այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամփոփելով անկախության 18 տարիների հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները` իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թեեւ պետությունը անցած տարիներին շատ խնդիրներ է լուծել, այդուամենայնիվ, կան բազմաթիվ չլուծված հարցեր:

«Կարելի էր անել ավելին, թե չէ` կարծում եմ, որ ցանկացած բնագավառում միշտ հնարավոր է եւ կարելի է ավելին անել, որովհետեւ դա է նաեւ պահանջում կյանքի դիալեկտիկան», - ասաց Շարմազանովը` հավելելով. - «Բայց, այնուհանդերձ, գտնում եմ, որ արդեն մենք 18-ամյա հանրապետություն ենք, մենք արդեն չափահաս ենք եւ իրավունք չունենք մանկական չարաճճիություններով զբաղվել, այլ ընդհակառակը` պետք է ավելի համախմբված լինենք, համերաշխ լինենք, միասնական լինենք` անկախ մեր կուսակցական տարաձայնություններից, հանուն Հայաստանի Հանրապետության ամրապնդման եւ հզորացման»:

«Պետք է անել քայլեր, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը եւ կայունության ամրապնդմանը», - նշեց իշխող կուսակցության մամուլի խոսնակը:

«Ո՞րն է անցած տարվա ամենամեծ բացթողումը», - այս հարցին Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. - «Որ քաղաքական մշակույթի մեջ, թերեւս, դժբախտաբար, կա քաղաքական մերժողականություն ու ատելություն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ատելությունը եւ փոխադարձ անհանդուրժողականությունը լրիվ վերանա մեր քաղաքական մշակույթից, որովհետեւ դրանք միայն վնաս են բերում: Եվ ընտրությունները պետք է լինեն ոչ թե վերջ, այլ պետք է լինեն նոր որակի սկիզբ, ընտրություններից հետո հասարակությունը պետք է միավորվի, այլ ոչ թե պետք է պառակտվի»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը եւս գտնում է, որ անկախության 18 տարիների Հայաստանը կարող էր հասնել ավելիին:

Ըստ Սուրենյանցի` Հայաստանը ֆորմալ առումով ազատ երկիր է, սակայն չունի բովանդակություն:

«Մեր քաղաքացիները ազատ չեն, երկրում չկա ժողովրդավարություն, մարդը իրեն պաշտպանված եւ բարեկեցիկ չի զգում: Հետեւաբար, ցավոք սրտի, անկախության 18-րդ տարում մենք չունենք այն, ինչին ձգտում էր մեր քաղաքացին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Սուրենյանցը:

«Դրականը այն է, որ, այնուամենայնիվ, մենք անկախ պետություն ենք, կան, գործում են պետականությանը բնորոշ ատրիբուտները` իշխանության մարմիններ, բանակ, Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովված է», - ասաց ընդդիմադիր գործիչը:

«Բայց, մեծ իմաստով, այն անկախությունը, որը երազում էինք, բովանդակության մեջ, ցավոք, սրտի, մենք չունենք», - ամփոփեց Սուրենյանցը:

Իսկ ամենամեծ բացթողումը, ըստ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամի, հետեւյալն է. - «Դժբախտաբար, քաղաքացին օտարված է պետությունից եւ պետությունը իրենը չի համարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG