Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պետդեպարտամենտի ղեկավարը ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որի հետ հանդիպելու է Սահակաշվիլին աշխատանքային այս այցի շրջանակներում:

Վրաստանի նախագահի ամերիկյան ուղեւորության հիմնական նպատակը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին մասնակցելն է: Սահակաշվիլիի ելույթը ՄԱԿ-ում նախատեսված է սեպտեմբերի 24-ին:

Վրացական մամուլը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, նշում է, որ Սահակաշվիլիի ելույթը հիմնականում նվիրված է լինելու Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ յուրատեսակ կոչ է լինելու` ուղղված ՄԱԿ -ի անդամ պետություններին` առավել ակտիվորեն միջամտել Վրաստանից անջատված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով ճանաչվում է վրաց փախստականների` Աբխազիա եւ Հարավային Օսիա անարգել վերադարձի իրավունքը:

ՄԱԿ-ում ստեղծված կացությանը այս օրերին դիվանագիտական շրջանակներում շատ են անդրադառնում: Հիլարի Քլինթոնը, օրինակ, Սահակաշվիլիի հետ նախատեսված հանդիպումից մի քանի օր առաջ խոսել է միջազգային ասպարեզում ՄԱԿ-ի դերը բարձրացնելու անհրաժեշտության մասին:

«Այն հանգամանքը, որ նախագահ Օբաման է ղեկավարելու մեր պատվիրակությունը Միավորված Ազգերի Կազմակերպության նստաշրջանի ընթացքում, հույս ունեմ, ցույց կտա բոլորին, որ ՄԱԿ-ը Մանհեթենում գտնվող` դիվանագիտական դատարկ զրույցների մի վայր չէ: ՄԱԿ-ը պետք է դառնա այն կառույցը, որը կմիավորի աշխարհի բոլոր պետություններին` գլոբալ մարտահրավերներին ընդառաջ», - ասել է Հիլարի Քլինթոնը:

Քլինթոն - Սահակաշվիլի հանդիպման նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական կողմը է'լ ավելի է մեծացնում իր ռազմական ներկայությունը Աբխազիայում:

Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատարությունը հայտարարել է, որ մոտ ապագայում Աբխազիայի սեւծովյան Օչամչիրա նավահանգստում կտեղակայվեն ռուսաստանյան «Մանգուստ» եւ «Սոբոլ» պարեկային նավեր, որոնց գլխավոր նպատակն է լինելու զսպել վրացական նավատորմի ակտիվությունը Աբխազիայի ափամերձ գոտում:

Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Վիկտոր Տուրֆանովը «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է. - «Եթե սահմանախախտում լինի, մենք կգործենք օրենքի սահմաններում` կձերբակալենք օրինախախտ նավը: Որեւէ մեկին ոչնչացնելու նպատակ, սակայն, ռուս սահմանապահները չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG