Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը առաջարկում է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծել


«Մարտի 1-ի հանձնաժողովն իր եզրակացությամբ չկարողացավ ներկայացնել իրական պատկերը, ուստի՝ «Ժառանգությունն» առաջարկում է ստեղծել նոր հանձնաժողով», - հինգշաբթի հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։ - «Նոր հանձնաժողով, որը կունենա իրական լիազորություններ, ինչպես նաեւ պատվիրակված հնարավորություն իրականացնելու նաեւ հետաքննություն եւ փորձեն իրապես բացահայտել դեպքերը»։

«Մենք, իհարկե, կընդառաջենք եւ կքննարկենք մեր «Ժառանգության» կոլեգաների հետ նման հայտարարության հնարավորությունը։ Մեծ սպասելիքներ չունեմ մնացած պառլամենտական ուժերի՝ այդ նախաձեռնությանը միանալու վերաբերյալ, սակայն կան արտապառլամենտական ուժեր, որոնց հետ մենք անպայման սա քննարկելու ենք։ Ընդ որում, սա կարող են լինել ոչ միայն կուսակցություններ, այլ խոշոր հասարակական միավորումներ», - ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Կոալիցիայի ներկայացուցիչ պատգամավորները երեկ գովաբանում էին հանձնաժողովի եզրակացությունը, մինչ Մարտի 1-ի զոհերի հարազատները խորհրդարանի ճաղերի մյուս կողմում պահանջում էին բացահայտել սպանությունները։ Այս կապակցությամբ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց. - «Մարդիկ պահանջում են, որպեսզի բացահայտումներ լինեն, որը բնավ Ազգային ժողովի կամ հանձնաժողովի խնդիրը չէր»։

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու մասին անցյալ տարի պատգամավորների ընդունած որոշման 2-րդ կետի (բ) ենթակետի համաձայն, հանձնաժողովի խնդիրն է զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը։
XS
SM
MD
LG