Մատչելիության հղումներ

Գաբալայի կայանի համատեղ շահագործումը նորից կմտնի՞ օրակարգ


Գաբալայի ռադարային կայանը
Գաբալայի ռադարային կայանը

Հինգշաբթի երեկոյան Ամերիկայի Միացյալ Նահանգները Չեխիային եւ Լեհաստանին պաշտոնապես տեղեկացրել է, որ հրաժարվում է այդ երկու երկրում հակահրթիռային պաշտպանության ռադար եւ 10 հրթիռ տեղադրելու մտադրությունից։

Նախագահ Բարաք Օբաման հատուկ ուղերձում ասել է, որ դա բնավ չի նշանակում հրաժարում հակահրթիռային համակարգից։ Նրա խոսքերով` ծրագրվածի փոխարեն ստեղծվելու է Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների պաշտպանությունը ապահովող նոր համակարգ, որը կլինի ավելի արդյունավետ, արդիական, ճկուն եւ հզոր։

«Մենք շարունակելու ենք համագործակցել մեր բարեկամների եւ դաշնակիցների հետ։ Ես խոսել եմ Չեխիայի եւ Լեհաստանի վարչապետների հետ ու վերահաստատել, որ մենք ունենք խորը եւ սերտ կապեր», - ասել է Օբաման։

Նրանից հետո պարզաբանում է տվել պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։ Մանրամասներ չհաղորդելով նոր ծրագրի մասին` նա ասել է, որ այն ենթադրում է Եվրոպայում «ՍՄ-3» հրթիռների տեղակայում, հավելելով, որ տարբերակը արդեն քննարկվում է նույն Չեխիայի եւ Լեհաստանի հետ։

Հստակ տեղեկությունների բացակայության պայմաններում Ադրբեջանում նորից արծարծում են Գաբալայի կայանի համատեղ շահագործման հնարավորությունը։

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ եթե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ադրբեջանը քննարկեն Գաբալայի ռադարի տարբերակը, ապա այն կծառայի որպես ընդարձակ համակարգի մի մաս:

«Կան այլընտրանքային` ավելի էժան տարբերակներ, որոնք չեն հարուցում Ռուսաստանի վրդովմունքը։ Դրանք ենթադրում են Գաբալայի միացումը մի համակարգի, որի մաս կկազմեն, օրինակ, Արմավիրում ռուսների տեղակայած կայանը, ամերիկյան նավերի վրա գործող եւ Թուրքիայի տարածքում գտնվող ամերիկյան սարքավորումները», - ասել է Մուսաբեկովը։

Քաղաքագետի խոսքերով` այսօր այդ ամենի քննարկումը սոսկ տեսական բնույթ է կրում, բայց եթե Ադրբեջանը իրոք ընդգրկվի այդ ծրագրում, ապա ֆինանսական փոխհատուցման կարիք չունենալով` իրավունք կունենա դրա դիմաց ակնկալել հակաօդային պաշտպանություն եւ, ինչու չէ, քաղաքական աջակցություն, մասնավորապես, Ղարաբաղյան կարգավորման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG