Մատչելիության հղումներ

Միխայիլ Բաղդասարով. «Մեր երկիրը գտնվում է այնպիսի շրջափակման մեջ, որ մենաշնորհներն օգնում են գոյատեւել»


Հայաստան -- Գործարար Միխայիլ Բաղդասարով
Հայաստան -- Գործարար Միխայիլ Բաղդասարով

«Քաղաքական տեսանկյունից չեմ կարող գնահատել, բայց զուտ տնտեսական առումով հայ-թուրքական սահմանի բացումը շահավետ կլինի», - հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովը՝ հավելելով. - «Անշուշտ, կարեւոր է հանգամանքը, թե ինչ գնով կբացվի այդ սահմանը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ով ավելի կշահի սահմանի բացումից՝ Հայաստանը, թե՞ Թուրքիան, գործարարը պատասխանեց. - «Պատկերավոր ասած, Հայաստանի համար 100 միլիոն-ը մեծ գումար է, իսկ Թուրքիայի համար, գուցե այդ գումարն այնքան էլ մեծ չէ` ի համեմատ Հայաստանի: Ուստի, այդ հարցին, թերեւս դժվար է պատասխանել»։

Բաղդասարովը, սակայն, միանգամայն հնարավոր համարեց այն, որ թուրքական կողմը տնտեսապես կշահի։ Ըստ նրա, սահմանի բացմամբ Թուրքիան ձեռք կբերի իրացման նոր շուկա, որը թեեւ նախկինում էլ կար, սակայն միջնորդված էր Վրաստանի տարածքով: Այժմ իրացման նոր շուկայում ավելի ցածր գներ կլինեն, ինչն ավելի ձեռնտու կլինի թուրքական կողմի համար:

Հայկական կողմի համար, Բաղդասարովի կարծիքով, սահմանի բացման շահավետությունն ակնհայտ է։

«Կնվազեն արտահանվող ապրանքների տրանսպորտային ծախսերը, կապահովվի ուղիղ ելք դեպի Միջերկրական ծով, եւ այդ ամենը դրական է», - պարզաբանեց գործարարը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույն գնահատականը հնչեցրեց նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը։

«Հայ-թուրքական բաց սահմանը, նախ եւ առաջ նշանակում է անմիջական ելք դեպի Միջերկրական ծով, ինչը էապես կնվազեցնի ինչպես Հայաստանից արտահանվող, այնպես էլ Եվրոպայից, Ասիայից եւ Միացյալ Նահանգներից Հայաստան ներկրվող ապարանքների գները», - համոզմունք հայտնեց Օմեսը։

Օմեսի խոսքերով, Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայումս զեկույց է մշակում հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության վերաբերյալ, սակայն նախնական գնահատմամբ՝ սահմանի բացման հեռանկարը փոխադարձաբար շահավետ է երկու երկրների համար։

Հայ-թուրքական սահմանի բացման համատեքստում, որոշ փորձագետներ մտավախություն են հայտնում, որ Հայաստանի տնտեսության կոռումպացվածությունն ու մենաշնորհային բնույթը ի չիք կդարձնեն սահմանի բացումից ակնկալվող տնտեսական արդյունավետությունը:

Այս առիթով Բաղդասարովն ասաց. - «Մենաշնորհային վիճակն, անշուշտ վատ է, բայց մյուս կողմից, մեր երկիրը գտնվում է այնպիսի շրջափակման մեջ, որ մենաշնորհներն օգնում են գոյատեւել: Պատմությունը ցույց է տալիս, որ որոշակի իրավիճակներում ապակենտրոնացվածությունն ու բաժանվածությունը միայն վնասում են երկիրն ու բիզնեսին»:

Բաղդասարվը, սակայն, չի կարծում, որ հայ-թուրքական բաց սահմանին մենաշնորհներ կձեւավորվեն:

«Կապրենք՝ կտեսնենք», - թեման այսպես եզրափակեց գործարարը:

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Նինկե Օմեսի կարծիքով հայ-թուրքական սահմանի բացումը զգալիորեն կնվազեցնի կոռուպցիայի եւ մենաշնորհների հետեւանքով առաջացած լարվածության մակարդակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG