Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը եւ Հակոբ Հակոբյանը զրկվեցին պատգամավորական մանդատներից


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստում, ներկայացվեցին Ազգային ժողովի սեպտեմբերի 15-ի թիվ 16, 17 եւ 18 արձանագրությունները՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ Հակոբ Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված համարելու մասին։

Աժ-ի արձանագրությունները հիմք ընդունելով՝ ԿԸՀ-ն որոշեց մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են նշանակել թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում՝ համապատասխանաբար Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի թափուր մնացած պատգամավորական տեղերի համար՝ երկու ընտրատարածքներում քվեարկության օրը նշանակելով 2009 թվականի դեկտեմբերի 6-ին։

Համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մյասնիկ Մալխասյանի փոխարեն ԿԸՀ-ն որոշեց պատգամավոր գրանցել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ համարին՝ Հովհաննես Սահակյանին։

Ազգային ժողովի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ազգային ժողովի հիշյալ արձանագրությունները, որոնք պատրաստվել եւ ԿԸՀ-ին են ներկայացվել Ազգային ժողովի նախագահի կողմից, ընդամենը վավերացրել են այն փաստը, որ հիշյալ պատգամավորները, դատարանի կողմից ազատազրկման դատապարտվելով, Հայաստանի սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն մեխանիկորեն զրկվել են պատգամավորական մանդատներից։

«Իրականում պատգամավորներին իրենց մանդատից զրկում է դատարանը՝ մեղավոր ճանաչելով ու դատապարտելով», - պարզաբանեց Պետրոսյանը։ - «Դատապարտման մասին դատարանը տեղեկացնում է Ազգային ժողով, որտեղ դրա հիման վրա կազմվում է արձանագրություն եւ ուղարկվում է ԿԸՀ։ Սա ընդամենը ընթացակարգն է», - հավելեց Ազգային ժողովի մամուլի խոսնակը։

Արձագանքելով ԿԸՀ-ի որոշմանը՝ Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Եթե այդպես էր, նրանք մեզ հունիսի 22-ից հետո, երբ ազատ են արձակել, աշխատավարձ են վճարել... Իրենք ինչպե՞ս կբացատրեն... Ինչպե՞ս կարող էր հանցագործություն կատարած անձը հունիսի 22-ից առ այսօր պատգամավոր լինել»:

Մալխասյանը ասաց նաեւ, որ անպայման բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը. - «Օրինական բոլոր միջոցներով մեր քայլերը կատարում ենք: Այստեղ մանդատի խնդիրը չէ... Մենք, անշուշտ, բողոքելու ենք Եվրադատարան: Մենք կարող էինք եւ պատրաստ էինք այդ մանդատը վաղուց վայր դնել, պարզապես մի պատճառով վայր չենք դրել, որպեսզի Եվրադատարանում կարողանանք հիմնավորված բողոքարկելու այն բոլոր ապօրինությունները, որոնք մեր նկատմամբ կատարվել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG