Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը հրաժարվում է Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային համակարգի տարրեր տեղակայելու ծրագրից


Միացյալ Նահանգները հրաժարվում է Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման ծրագրից: Այդ մասին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին հայտնել է անցած գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Չեխական CTK գործակալությունը այս տեղեկությունը հաղորդել է` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Վարչապետ Ֆիշերի մամուլի խոսնակ Ռոման Պրորոկը հաստատել է միայն հեռախոսազրույցի փաստը` նշելով նաեւ, որ կառավարության ղեկավարը Օբամայի հետ զրույցի մասին անմիջապես տեղեկացրել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին:

Պենտագոնը նույնպես անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե «նշանակալի փոփոխություն» է տեղի ունեցել Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղադրելու ծրագրերում։

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության խոսնակ Ջեֆ Մորելը, ով լրագրողներին տեղեկացրել է այս մասին, խուսափել է լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։ Պենտագոնի խոսնակը, սակայն, հավելել է, թե փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Իրանը այժմ ավելի քիչ ուշադրություն է դարձնում հեռահար հրթիռների ստեղծման ծրագրերին։

Առաջին տեղեկությունները այն մասին, որ Օբամայի վարչակազմը վերջնականապես որոշել է վերանայել Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին նախագահ Բուշի օրոք կայացված որոշումը, հայտնվեցին Wall Street Journal պարբերականում: Ամերիկյան օրաթերթի պնդմամբ` Օբամայի վարչակազմը այս որոշումը կայացրել է հետախուզական ծառայությունների զեկուցագրերին ծանոթանալուց հետո: Դրանցում նշվում է, որ հեռահար բալիստիկ հրթիռների արտադրության իրանական ծրագիրը լուրջ անհաջողությունների է բախվել եւ առաջիկա տարիներին որեւէ վվտանգ ներկայացնել չի կարող:

BBC-ի տեղեկություններով` հինգշաբթի օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ Վարշավայում ավարտվել են այս թեմայի շուրջ լեհ - ամերիկյան բանակցությունները: Օբամայի վարչակազմի որոշման մասին լեհական կողմին հայտնել է Վարշավա ժամանած փոխպետքարտուղար Հելեն Թաուշերը: Նույն օրը նրա ղեկավարած պատվիրակությունը կժամանի Պրահա:

Չեխական աղբյուրները, սակայն, նշում են, որ պաշտոնական Պրահան շարունակում է ընդդիմանալ ամերիկյան վարչակազմի այս որոշմանը, եւ ակտիվ բանակցությունները երկու կողմերի միջեւ դեռեւս շարունակվում են:

CTK գործակալությունը մեջբերում է Չեխիայի արտգործնախարարի տեղակալ Թոմաշ Պոյարի խոսքերը. - «Մենք պայմանավորվել ենք ամերիկյան կողմի հետ, որ պաշտոնական մեկնաբանություններով հանդես կգանք միայն այն բանից հետո, երբ կավարտվեն բանակցությունները Պրահա ժամանող ամերիկյան պատվիրակության հետ»:

Ռուսաստանի արտգործնախարարության անանուն աղբյուրը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել է. - «Եթե Միացյալ Նահանգները իրոք որոշել է հրաժարվել հակահրթիռային պաշտպանության համակարգերը Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայելու գաղափարից, ապա դա, անկասկած, լավ նորություն է»:
XS
SM
MD
LG