Մատչելիության հղումներ

Խորհրդարանական հանձնաժողովի դաշնակցական անդամները պահանջում են լրացուցիչ քննություն


Ազգայի ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Արծվիկ Մինասյան

Ազգայի ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Արծվիկ Մինասյան

Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հրապարակած հատուկ կարծիքում հանձնաժողովի դաշնակցական անդամներ Արծվիկ Մինասյանն ու Արտյուշ Շահբազյանը անհամաձայնություն են հայտնել մարտի 1-ի առավոտյան իրավապահների գործողություններին տրված գնահատականին՝ պահանջելով լրացուցիչ քննություն:

Հանձնաժողովը իրավաչափ եւ համաչափ է որակել Ազատության հրապարակում, հարակից տարածքներում եւ Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում ոստիկանության գործողությունները։ Դաշնակցական պատգամավորները, մինչդեռ, կարծում են, որ առնվազն մասնակի դեպքերում կիրառվել է անհարկի ուժ եւ կասկածելի է ոստիկանության գործողությունների համաչափությունը:

Անհամաչափության դրսեւորման եւ ոչ իրավաչափության մասին է արդեն իսկ խոսում «Չերյոմուխա – 7» հատուկ միջոցի ոչ իրավաչափ կիրառումը:

«Երբ «Չերյոմուխա – 7» հատուկ միջոցներից մարդիկ են զոհվել, որը ընդհանրապես մարդու դեմ չպիտի կիրառվեր, սա կարելի՞ է իրավաչափ համարել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շահբազյանը:

Արձանագրելով, որ չեն բացահայտվել 10 զոհերի մահվան հանգամանքները՝ Դաշնակցության ներկայացուցիչները հատուկ կարծիքում պահանջում են լրացուցիչ քննություն։

Եթե Դաշնակցությունը նման մտահոգություններ եւ առարկություններ ուներ, այդ դեպքում ինչո՞ւ ստորագրեց զեկույցի տակ։ Ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ-ի մյուս ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը այս հարցին պատասխանեց. - «Մեր խնդիրը ամենեւին ամեն պահի հակադրվելը չէ: Մենք շարժվում ենք այն մոտեցումով, որ հարկավոր է լինել պահանջատեր… Մենք շարժվել ենք խորհրդարանի որոշմամբ սահմանված կարգով, որը հնարավորություն է տալիս անհամաձայնությունները հատուկ կարծիքի ձեւով կցել զեկույցին»:

Ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը խորհրդարանական խմբակցություններին բաժանվել էր չորեքշաբթի առավոտյան, ինչը հարուցել էր հատկապես «Ժառանգություն» խմբակցության դժգոհությունը։ Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա պատահական չէ. նման կարեւորագույն զեկույցները, ըստ նրա՝ «ուղղակի հապշտապ սղացվում են»։ Իսկ զեկույցը գնահատեց անբավարար. - «Առավել եւս՝ եզրակացությունները տվյալ պարագայում համաչափ չեն անգամ զեկույցում տեղ գտած որոշ փաստերին եւ եզրահանգումներին»:

Անընդունելի համարելով սպանությունների բացահայտմանը կոչված հանձնաժողովի այն փաստարկները, որ իրենք նախաքննական մարմնի իրավասությունները չունեին եւ բացահայտելը իրենց խնդիրը չէր՝ Սաֆարյանը ասաց, որ զեկույցի անաչառության մասին խոսելը «անիմաստ է»:

«Ժառանգություն»-ը եւս անընդունելի է համարում ոստիկանության գործողությունների համաչափության մասին ձեւակերպումները:

Մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զեկույցը որակեց «օբյեկտիվ». - «Մարդիկ ազնիվ աշխատեցին եւ արեցին այն, ինչ հնարավոր էր»:

Ինչ վերաբերում է մահվան հանգամանքների չբացահայտմանը եւ լրացուցիչ քննություն անցկացնելու առաջարկներին, ապա Շարմազանովի կարծիքով, դա նախաքննական մարմնի գործն է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պաշտոնական դիրքորոշումը կհայտնեն զեկույցի ամբողջական հրապարակումից հետո:
XS
SM
MD
LG