Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից «Ադրբեջանը չի տուժելու»


Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն (աջից) եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն (աջից) եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը:

Չնայած Թուրքիայի արտգործնախարարի բացատրություններին ու ներկայացրած փաստարկներին` երկրի ընդդիմությունը շարունակում է քննադատել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված իշխանությունների նախաձեռնությունը։

«Արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 13–ին, սակայն դրանք չեն վավերացվի խորհրդարանի կողմից՝ մինչեւ Հայաստանը չազատագրի Ադրբեջանի գրավյալ տարածքները», - թուրքական «Միլիեթ»-ի հաղորդմամբ, երեկ, ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքներին, ասել էր Ահմեդ Դավութօղլուն եւ վստահեցրել, որ պաշտոնական Բաքուն փուլ առ փուլ տեղեկանում է Հայաստանի հետ բանակցությունների ընթացքից։

Այսօր կայացած քննարկումներում, սակայն, Թուրքիայի նախկին առաջնորդ Սուլեյման Դեմիրելի հիմնադրած Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Հուսամեթին Ջինդորուկը ասել է. - «Այս բանակցություններից եւ նախաստորագրված արձանագրություններից շահում է միայն Հայաստանը»:

Ըստ CNN-Turk-ի, Ջինդորուկը նաեւ պահանջել է, որպեսզի պաշտոնական Անկարան Հայաստանի հետ բանակցություններում որպես կողմ ներգրավի նաեւ Ադրբեջանը։

«Բաքուն մեզ համար միայն դաշնակից երկիր չէ, Ադրբեջանը մեր եղբայրն է ու արյունակիցը, եւ մենք շատ զգուշորեն պետք է վերաբերվենք այդ երկրի հետ հարաբերություններին», - հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ավելի կոշտ են ընթացել բանակցությունները ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդների հետ. շուրջ մեկ ժամ շարունակված քննարկումներից հետո կուսակցության ղեկավար Յալչին Թոփչունը պահանջել է, որ Հայաստանը հայտարարի Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները ազատագրելու մասին։

«Մենք դեռեւս հիշում ենք վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքերը, թե` Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի գրավյալ տարածքները. թուրք ժողովուրդն ուզում է հավատալ այդ խոսքերին, եւ սպասում է դրանց արդյունքներին», - հայտարարել է ազգայնական կուսակցության առաջնորդը եւ պնդել. - «Հակառակ դեպքում ես անձամբ ողջ երկրով մեկ կհայտարարեմ, որ իշխող կուսակցությունը բարեփոխումների եւ բարելավումների անվան տակ հերթական անգամ հարված է հասցնում թիկունքից»։

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության` Ժողովրդահանրապետականի առաջնորդ Դենիզ Բայքալը պնդել է, թե նախաստորագրված արձանագրությունները ծուղակ են` նետված Թուրքիային արտաքին քաղաքականության ոլորտում։

«Հնարավոր է, որ, իրոք, արձանագրությունները խորհրդարանում չվավերացվեն, մինչեւ չազատագրվեն Ադրբեջանի գրավյալ տարածքները, սակայն այստեղ բաց է մնում ապրիլ 24-ի հարցը», - հայտարարել է ընդդիմադիր Դենիզ Բայքալն ու մանրամասնել. - «Այդ ժամանակ մեզ կասեն, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մեզ դրանից խուսափելու որեւէ այլ ելք չի մնա, քան բացել Հայաստանի հետ սահմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG