Մատչելիության հղումներ

«Եթե արձանագրությունները փոփոխության ենթակա չեն, ուրեմն պարտադրված են»


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նախագահ Սերժ Սարգսյանը, իր իսկ շահերից ելնելով, պետք է զգաստանա եւ չստորագրի հայ-թուրքական հարաբերություններին առնչվող փաստաթղթերը, այլապես «կկորցնի իր պաշտոնը»:

«Որքան խորանում ենք այս արձանագրությունների տեքստի մեջ, թվում է, որ սա պարտադրված պայմանագիր է, թվում է, որ հայկական կողմը չի բանակցել, ընդունել է փաստաթուղթը: Կարծում եմ, որ ինքը [Սերժ Սարգսյանը] հենց իր շահերից ելնելով, պետք է վերջապես զգաստանա եւ հրաժարվի ստորագրելուց: Պատասխանատվության հարց գոյություն ունի: Այդ պատասխանատվությունը ինքը պետք է կրի: Այս ժողովուրդը վերջ ի վերջո այդ պատասխանատվության կանչելու է իրեն, եւ գինը ծանր է լինելու»:

«Այս ամբողջ դժգոհությունները, որ այս երկրում կան՝ սոցիալական վիճակ, անարդարություններ... Այս ամբողջ իրավիճակը, որ գոյություն ունի, սա [հայ-թուրքական արձանագրություններին առնչվող հարցը] այն կաթիլն է, որ հորդելու է բաժակը», - շարունակեց Մարգարյանը՝ հավելելով, որ հավատում է, թե արձանագրությունները ստորագրելու դեպքում նախագահը կկորցնի իր պաշտոնը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան:
Դաշնակցությունը վաղը Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, փորձելու է պարզել, թե փաստաթղթերում փոփոխություններ կատարելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ:

Իսկ եթե պարզվի, որ փաստաթղթերը փոփոխությունների ենթակա չեն, ապա Ռուստամյանի համոզմամբ, դա կնշանակի, որ դրանք պարտադրված են:

«Ուրեմն մեր գնահատականն էլ պետք է ելնի հենց դրանից. ինչո՞ւ հասանք նրան, որ մեզ հնարավոր եղավ այսպիսի բան պարտադրել», - հավելեց Արմեն Ռուստամյանը:

Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեցին Հանրապետության հրապարակում, որտեղ մի քանի տասնյակ դաշնակցականներ հացադուլ եւ նստացույց են անում՝ այդ կերպ իրենց բողոքն նախաստորագրված արձանագրությունների դեմ:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ինքը հացադուլին չի մասնակցի, բայց նստացույցին մասնակցելու է:

Դաշնակցությունը երեկ սկսած բողոքի ակցիաները ծրագրում է շարունակել մինչեւ հոկտեմբերի 13-ը՝ արձանագրությունների քննարկումների համար նախատեսված 6-շաբաթյա ժամկետի ավարտը։
XS
SM
MD
LG