Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն»-ը հանրաքվեի հարցով դիմում է կառավարությանը


«Ժառանգություն» կուսակցությունը չորեքշաբթի օրը դիմել է կառավարությանը` հանրաքվե նախաձեռնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ:

Կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի` վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած նամակում, որը տրամադրել են կուսակցության գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում 2008 թվականի դեկտեմբերի 26-ին կատարված փոփոխությունների եւ լրացումների` իբրեւ ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացման մեխանիզմ հանրաքվեի (համաժողովրդական քվեարկության) կարող են դրվել նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցեր: Հիշյալ օրենքի 8.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը, ով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ (3-րդ մաս): Վստահ ենք` չեք վիճարկում, որ նաեւ Ազգային անվտանգության ռազմավարությունում պատշաճ ամրագրում եւ պաշտոնական գնահատական ստացած հայ - թուրքական հարաբերությունները համարվում են պետական կյանքի եւ ազգային անվտանգության կարեւորագույն հարց: «Ժառանգություն» կուսակցության եւ համանուն խմբակցության անունից դիմում ենք Ձեզ` իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով Ձեզ վերապահված պատասխանատվությունն ու իրավունքը, այն է` նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլինի երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»:

«Ժառանգություն»-ը նշում է նաեւ, որ կուսակցության եւ խմբակցության կողմից վարչապետին հղված նամակը «պաշտոնական գրություն է, որը «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան»:

Սեպտեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների` 2009 թվականի օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ, որում, ի թիվս իր կողմից նպատակահարմար համարվող 10 քայլերի, պահանջել էր մինչեւ արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը հանրաքվեի դնել համաձայնեցված փաստաթղթերը` «զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG