Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում իր առաջադրվելը 2012-ի նախագահական ընտրություններում


Դմիտրի Մեդվեդեւը ելույթ է ունենում «Վալդայ» ակումբում, Մոսկվա, 15 սեպտեմբերի, 2009
Դմիտրի Մեդվեդեւը ելույթ է ունենում «Վալդայ» ակումբում, Մոսկվա, 15 սեպտեմբերի, 2009

Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում, որ երեք տարի անց` 2012 թվականին կրկին կառաջադրվի Ռուսաստանի նախագահի պաշտոնում:

Արեւմտյան եւ ռուսաստանցի քաղաքագետներին միավորող «Վալդայ» ակումբի հերթական հավաքին ելույթ ունենալով` Մեդվեդեւը երեքշաբթի օրը հայտարարել է. - «Որոշ ժամանակ առաջ ես չէի պատրաստվում նախագահի պաշտոնում առաջադրվել: Հետագայում իրադարձությունները այլ կերպ զարգացան, այնպես որ` ժամանակից շուտ որեւէ բան չէի ցանկանա ասել, չէի ցանկանա նաեւ որեւէ բան բացառել»:

Ավելի վաղ գրեթե նույնատիպ հայտարարությամբ էր հանդես եկել վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով նույնպես չէր բացառել, որ կարող է առաջադրվել 2012 թվականի ընտրություններում: «Մենք Մեդվեդեւի հետ նույն թիմից ենք: Մենք միասին կորոշենք` ով պետք է առաջադրվի` ելնելով 2012 թվականի քաղաքական իրողություններից», - օրերս ասել էր Պուտինը:

Մեկնաբանելով վարչապետի այս հայտարարությունը` Մեդվեդեվը երեքշաբթի օրը ասել է. - «Բանն այն է, որ Պուտինը շատ բարձր վարկանիշ ունի: Բայց իմ վարկանիշն էլ ցածր չէ: Այնպես որ, որպես պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ` կգա մի պահ, երբ մենք որոշ հարցերի շուրջ պայմանավորվածությունների կհանգենք»:

Խոսելով մինչեւ 2012 թվականը սպասվող զարգացումների մասին` Ռուսաստանի նախագահը նշել է, որ իշխանությունները պատրաստվում են չափավոր բարեփոխումներ իրականացնել. - «Իմիտացիա չպետք է լինի: Մեզ հաջողվել է իրավիճակը որոշակիորեն կայունացնել: Հիմա էլ, կարծում եմ, եկել է ավելի վճռական քայլերի ժամանակը: Դրանք, սակայն, չպետք է վտանգեն մեր տնտեսության հիմքերն ու մեր հայրենակիցների կյանքը ավելի դժվարին դարձնեն»:

Պատասխանելով քաղաքագետներից մեկի հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը վերադառնալ նահանգապետների ուղղակի ընտրության պրակտիկային, երկրի նախագահը հայտարարել է. - «Նույնիսկ 100 տարի հետո նման բան չի լինի»:

Այս հայտարարությունն արդեն իսկ քննադատության է արժանացել: Ռուսաստանցի հայտնի գործարար, ընդդիմադիր «Նովայա Գազետա» թերթի սեփականատեր Ալեքսանդր Լեբեդեւը, օրինակ, ընդգծել է. - «Ինչ տվեց մեզ նահանգապետների ընտրություններից հրաժարվելը: Արդյո՞ք մարզերն ու երկրամասերը ավելի լավ են կառավարվում այսօր: Չեմ կարծում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG