Մատչելիության հղումներ

Հայկ Դեմոյան. «Այդպիսի առաջարկներին կվերաբերվեմ հումորով եւ հեգնանքով»


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանը: 7-ը սեպտեմբերի, 2009 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանը: 7-ը սեպտեմբերի, 2009 թ.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը սեպտեմբերի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 7-ի մամլո ասուլիսի ընթացքում իր կողմից հնչեցված գնահատականները ճիշտ չեն մատուցվել «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման մեջ։

Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին իր արտահայտած կարծիքին։

«Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքում, մասնավորապես, նշվել էր, թե Հայկ Դեմոյանը կողմ է պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը։ Պատմաբանն այսօր հավաստիացրեց, թե ինքը բոլորովին այլ բան է ասել։

«Եթե ինձ հարցնեն` կո՞ղմ եք արդյոք, որ որեւէ ձեւաչափում քննարկվի Հայոց ցեղասպանության իրողության հարցը, ես կպատասխանեմ, որ կտրականապես դեմ եմ», - ասաց Դեմոյանը` հավելելով. - «Սակայն, ես հետեւյալ կերպ եմ բացատրել իմ միտքը. «ոչ»-ը տվյալ դեպքում շատ թույլ փաստարկային պատասխան կլինի։ Ես նշեցի, որ այդպիսի առաջարկներին, որտեղ էլ դա լինի, ինչ ձեւաչափի մեջ՝ ես կվերաբերվեմ հումորով եւ հեգնանքով։ Ցավոք սրտի իմ այս խոսքերը չէին արտացոլվել նյութի մեջ»։

Կողմ կամ դեմ լինելու հարցադրումը, տվյալ` շատ կոնկրետ պարագայում սխալ է, ասում է պատմաբանը, նշելով, որ ինքը պարզապես «երրորդ դեմքից» ներկայացրել է խնդրի վերաբերյալ փորձագիտական մեկնաբանություն։

«Նախ նշել էի, որ սա, փաստորեն, դեմքը փրկելու ձեւակերպում էր թուրքական կողմի համար։ Միանշանակ նշել էի իմ կարծիքը, որ սա իր մեջ պարունակում է նաեւ լուրջ վտանգներ՝ ուղղված թուրքական կողմին, սակայն այս իմ խոսքերը, չգիտես ինչու, մեկնաբանվել էր որպես աջակցություն», - պարզաբանեց Դեմոյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «այնուամենայնիվ, դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ խնդրո առարկա ենթահանձնաժողովի ստեղծմանը», Հայկ Դեմոյանը հետեւյալ պատասխանը տվեց. - «Անկախ արձանագրություններից (սա կարեւոր է, որ շեշտվի), անկախ այս գործընթացից` ցանկացած ակադեմիական ազատություն ունեցող եւ ազատ արտահայտվելուց չվախեցող թուրք գիտնականի հետ քննարկման ես պատրաստ եմ։ Ցանկացած քննարկման՝ որպես գիտնականը՝ գիտնականի հետ, որպես ակադեմիականը՝ ակադեմիականի հետ, ես պատրաստ եմ՝ անկախ այս գործընթացից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG